Ատկատները Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը չե՞ն խոչընդոտի

Օրեր առաջ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, պատասխանելով հարցին, թե երբ է ձևավորվելու նոր կառավարությունը և նշանակվելու նոր վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ մինչև ապրիլի վերջ կառավարության նոր կազմը հայտնի կդառնա: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը չէր բացառել, որ կլինեն որոշակի փոփոխություններ:

Galatv.am-ի լրագրողը ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվել է, թե ինչպես են գնահատում կուսակցությունում նախորդ կառավարության աշխատանքը, և արդյոք նոր կառավարությունում էական փոփոխություններ կլինեն:

«Ըստ ինձ, այո, լավ են աշխատել, և դա իր խոսքում արտահայտեց, այսինքն կարծում եմ, որ առաջիկայում այդ համագործակցությունը՝ նախագահ–կառավարություն–ԱԺ, ավելի սերտ կլինի և այդ երեք կառույցները կլծվեն այն խնդիրների իրականացմանը, այն խոչընդոտների հաղթահարմանը, որոնք այսօր մենք տեսնում ենք, որոնք վկայեցին նաև ընտրությունների արդյունքները, իրոք, մենք խնդիրներ ունենք լուծելու, և միասին կհաղթահարենք այդ խնդիրները»,- ասել է Սուքիաս Ավետիսյանը:

Դիտարկմանը, թե բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանը մեղադրեց գործադիր կազմի ներկայացուցիչներին ատկատների և չարաշահումների մեջ աչք փակելու մեջ, այդ դեպքում, ինչպե՞ս է, որ գոհ եք նրանց աշխատանքից, ՀՀԿ-ական պատգամավորը արձագանքել է. «Ընդհանուր գոհ լինելը, հենց այդ ատկատները, հենց այդ որոշ թերությունները, որ կան տարբեր կառույցներում, այո, վկայությունն էր ընտրողների դժգոհության, այսինքն հանրահավաքների, և դրա համար էլ այնպես չէ, եթե ամեն ինչ փայլուն լիներ, բնական է, ոչ այդ դժգոհությունը կլիներ, ոչ էլ որևէ մեկը՝ նախագահը, կամ մեկ ուրիշը ԱԺ-ում կխոսեր թերությունների մասին: Բայց քանի որ կան այդ թերությունները, այդ ատկատները, էլի ենք ասում՝ կան խնդիրներ, որոնք պետք է կարողանանք լուծել շատ մոտ ապագայում»:

Սուքիաս Ավետիսյանը չի ժխտել, որ երկրում սոցիալական դժգոհություն, գործազրկության բարձր մակարդակ և արտագաղթ կան, սակայն, ըստ նրա, Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո առաջին իր ելույթում անդրադարձել է դրանց՝ ներկայացնելով նաև լուծման եղանակները:

Իսկ թե կլինե՞ն արդյոք կառավարության կազմում էական փոփոխություններ, հարցին Սուքիաս Ավետիսյանը պատասխանել է. «Ես դա չգիտեմ և ոչ էլ ուզում եմ գուշակել»:

Հավելենք, որ կառավարությունը հրաժարական էր ներկայացրել ապրիլի 9-ին, իսկ նոր կառավարության կազմը հայտնի կդառնա մեկ ամսվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս