Վարդան Սեդրակյանի երկամսյա նախնական կալանքի ժամկետն ավարտվում է մայիսի 5-ին
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի երկամսյա նախնական կալանքի ժամկետն ավարտվում է մայիսի 5-ին: Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը կարծում է, որ դրանից հետո գործը կուղարկվի դատարան:
«Երկամսյա կալանքի ավարտից հետո կամ պետք է ազատ արձակվի, կամ պետք է կալանքը երկարաձգվի, կամ գործն ուղարկվի դատարան: Ես երրորդ տարբերակն եմ հավանական համարում: Եթե գործն այն մասին է, ինչի մասին բոլորը գիտեն, քննիչի մոտ պահելն ի՞նչ իմաստ ունի »,-168.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
Նա համոզված չէ, որ դատարանում Վարդան Սեդրակյանին անպայման կարդարացնեն, սակայն համոզմունք հայտնեց, որ կյանքը հայաստանյան դատարաններում չի ավարտվում. անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձ կատարելու դեպքով մարտի 5-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար Վարդան Սեդրակյանին մեղադրանք առաջադրվեց՝ իբրև սպանության պատվիրատու: Նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց երկամսյա կալանքի վերաբերյալ միջնորդությունը:
Այս որոշումը Ալեքսանդր Սիրունյանի կողմից հակաօրինական որակվեց, քանի որ, ըստ փաստաբանի, կալանավորման պահին Վարդան Սեդրակյանը դեռ համարվում էր նախագահի թեկնածու: Ալեքսանդր Սիրունյանն այս որոշումը բողաքարկում է Վճռաբեկ դատարանում: Չնայած բողոքը դատարան ուղարկվել է ապրիլի 4-ին, սակայն պատասխան դեռևս չկա:
«Մենք օրենքի շատ հետաքրքիր ձևակերպում ունենք՝ ողջամիտ ժամկետ, իսկ մեր Վճռաբեկ դատարանի ողջամտությունը շատ հարաբերական է»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
Նա ևս մեկ անգամ հերքեց պարբերաբար տարածվող այն տեղեկատվությունը, թե Վարդան Սեդրակյանն ինքնախոստովական ցուցմունք է տվել: Ալեքսանդր Սիրունյանը վստահեցրեց, որ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել: