Լևոն Զուրաբյան. Մենք որտեղ ներկա ենք՝ ամբողջական պատասխանատվություն ենք կրում ամեն մի ցուցարարի համար
Շուտով ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀԱԿԿ-ն անցկացնելու է համայնքային հանրահավաքներ, երևանյան մեծ հանրահավաք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով հետընտրական փուլում ընդդիմության կողմից հնարավոր կոալիցիայի ստեղծման հավանականությանը, Լ. Զուրաբյանը նշեց, թե իրենք առաջինն են հայտարարել, որ պատրաստ են միասնաբար պայքարել գործող իշխանութան դեմ, ընդդիմադիր կոալիցիա ստեղծել, միասնականորեն վերցնել քաղաքապետարանը իշխող կուսակցության ձեռքից: Մեր դիատարկմանը, թե այդ առնչությամբ քայլեր արվո՞ւմ են՝ քննարկումների կամ բանակցությունների տեսքով, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ընտրարշավը հենց այդ քայլն է: Ընտրարշավ նշանակում է արշավ, պատերազմական վիճակ, կռիվ: Մենք միշտ հանդիպում, խոսում ենք»:
Դիտարկմանը, թե այնուամենայնիվ գործնականում այդ քայլերը չեն երևում, նա պատասխանեց. «Շատ իզուր: Կտեսնեք»:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿԿ-ն ժողովրդին հաղթանակի տանելու հստակ նպատակներ, ծրագիր ունի և անելու են այդ քայլերը. «Իսկ թե քաղաքական ո՞ր ուժն ինչ է անելու, ինչո՞վ է զբաղվելու այդ ընթացքում՝ ձախողվելու են, տապալվելու են, հաջողելու են՝ իրենց գործն է»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանը չցանկացավ պատասխանել այն հարցերին, թե այսօր տեղի ունեցած ՀԱԿԿ առաջին համագումարին ո՞ւմ են հրավիրել: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանին, «Ժառանգություն» կուսակցությանը կամ Հրանտ Բագրատյանին չե՞ք հրավիրել, պատգամավորը պատասխանեց. «Դա իրենց հետ ճշտեք: Եվ հրավերների հարցը բացարձակ երրորդական թեմա է: Ով պատրաստ է եղել համագործակցել՝ այսօր այստեղ է: Մենք շարունակելու ենք համագործակցել նրանց հետ, ով ինչ-որ բան կարող է ներդնել պայքարի մեջ»:
Ինչ վերաբերում է ապրիլի 9-ի միջադեպերին, Լ. Զուրաբյանը նշեց, որ ինքը շատ նորմալ է վերաբերում նրանց, ովքեր մեղադրում են ՀԱԿ-ին այդ օրը Ազատության հրապարակում չլինելու մեջ և շեշտեց, թե իրենք հստակ ծրագիր ունեն պայքարի և հինգ տարվա մեջ սովորել են՝ որտեղ ներկա են՝ «ամբողջական պատասխանատվություն կրել ամեն մի ցուցարարի համար»:
Դիտարկմանը, թե այդ օրը պատասխանատվություն չե՞ք ցանկացել կրել, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Այդ օրը ուրիշներն էին պատասխանատուն»:
Ի դեպ, նա չհամաձայնեց հնչող տեսակետների հետ, թե ՀԱԿ համակիրներն այսօր ավելի շատ կանգնած են Ազատության հրապարակում գտնվող Նիկոլ Փաշինյանի, քան՝ իրենց կողքին: