Բաժիններ՝

«Միլանոյի» գործով ներգրավվել է նոր պատասխանող

«Միլանո» խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով այսօրվա դատական նիստում ներգրավվել է նոր պատասխանող` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, որի ներկայացուցիչը խնդրեց ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու և հայցի վերաբերյալ պատասխանը պատրաստելու համար:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ կողմն արդեն օգտվել է գործի նյութերին ծանոթանալու և պատասխան պատրաստելու համար ժամանակ խնդրելու իր իրավունքից և չի կարող պատասխանողի ներկայացուցչի յուրաքանչյուր փոփոխության դեպքում կողմին նորից ու նորից ժամկետ տրամադրվել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, բավարարեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև մայիսի 6-ը:

Նախորդ դատական նիստը նույնպես հետաձգվել էր պատասխանող կողմի ներկայացուցչի միջնորդությամբ: Մինչ անցյալ նիստը ներառյալ պատասխանող կողմին ներկայացնում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Հրանուշ Ներսիսյանը: Նա հայտարարել էր, որ հայցի փոփոխություն է տեղի ունեցել, և ինքը տեղյակ չէ, թե կառավարությունը քաղաքապետարանին լիազորելու է շարունակել ներկայացնել իր շահերը, թե ոչ:

Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ դա բնավ հայցի փոփոխություն չէ, իրենք սոսկ ներկայացրել են գույքի օտարման պայմանագրի նախագիծ՝ այն վավեր ճանաչելու պահանջով: Փոփոխությամբ կողմը պահանջում է օտարման պայմանագրում, ներառել «Միլանո»-ի երեք հարկերն ու նկուղը՝ մեկ հարկի օտարման նախկին պայմանագրի փոխարեն: Ըստ հայցվոր կողմի՝ պատասխանող կողմը բավարար՝ 15-օր, ժամանակ ուներ՝ կողմնորոշվելու լիազորությունների հարցում:

Հայցվորը պահանջում է պատասխանողներից՝ Հայաստանի Հանրապետությունից և «Ավո Ֆ. Մ. Հ.» ՍՊ ընկերությունից հանուն պետական կարիքների օտարված գույքի դիմաց ողջ փոխհատուցումը: Ցայժմ, ըստ կողմի, փոխհատուցվել է 5-8 մլն դոլար արժողությամբ գույքի 1/10-րդ մասից էլ ավելի քիչ: Ըստ հայցվոր կողմի, փոխհատուցման պայմանագրում հաշվի չեն առնվել շինության 2-րդ, 3-րդ, նկուղային հարկերը և հողատարածքը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս