Լևոն Զուրաբյան. Դեռ կտեսնեք, թե ինչպես ենք կառուցելու մեր քաղաքական գործընթացը

«Հարցեր կան, որոնց մասին իմ կարծիքը նպատահարմար չեմ համարում հրապարակել»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպերին, այսպես արձագանքեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԱԿԿ անդամ Լևոն Զուրաբյանը:

«Մենք այս երկրում ունենք քննադատելու մեկ թիրախ, այն է՝ իշխանությունները: Թույլ տվեք քննադատել միայն իրենց»,- հավելեց նա:

Իսկ հարցին, թե ի՞նչ կլիներ, եթե ապրիլի 9-ին Ազատության հրապարակում լիներ նաև ՀԱԿ-ը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Եկեք եթե-ները չքննարկենք: Ես ընդդիմության քննադատությունը անիմաստ գործ եմ համարում: Մեր պայքարը ժողովրդի պայքարն է՝ ժողովրդավարության հաստատման համար: Մեր քննադատության թիրախն իշխանությունն է: Կոնգրեսը հինգ տարի պայքարել է ու ցույց է տվել իր պայքարի մեթոդները: Մենք գիտենք՝ ինչպես կառուցել քաղաքական գործընթացքը ու դեռ կտեսնեք, թե ինչպես ենք կառուցելու»:

Նաև հետաքրքրվեցինք, թե ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի միջև բանակցություններն այլևս հնարավո՞ր են, ինչին ի պատասխան Լ. Զուրաբյանն ընդգծեց. «Այդ հարցերը ուղղեք ձեր նշած քաղաքական գործիչներին: Մենք մեր գործն ենք անում և չենք նայում թե ինչո՞վ են զբաղված այլ մարդիկ: Նրանց մենք հաջողություն ենք մաղթում, ով ինչ կարող է՝ թող անի, իսկ մենք անում ենք այն, ինչ մենք ենք կարողանում: Վստահ եմ, որ շատ արագ կտեսնեք, թե մենք ինչեր ենք անելու»:

Պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի մեկօրյա մոսկովյան այցի մասին մեր հարցին՝ Լևոն Զուրաբյանն ասաց. «Ի՞նչ այց: Գիտեք, ես չեմ կարծում, թե իմ գործն է գնահատել քաղաքական ամենատարբեր գործիչների գործողությունները»:

Տեսանյութեր

Լրահոս