ՀԱԿ անդամը՝ ՀԱԿԿ մասին. «ՀԱԿ» ինչ-որ կուսակցության մասին
ՀԱԿ անդամ, «ՄԻ-96» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որումասված է.
«Այս պահին տեղի է ունենում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի նույն անվամբ «Հայ ազգային կոնգրես» ինչ-որ կուսակցության հիմնադիր համագումարը:
Մի կողմից՝ դա ողջունելի է, այդ թվում, որ ՀՀՇ-ն վերջապես, անջատվում է «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքից, սակայն, մյուս կողմից՝ այդ միջոցառումն ակնհայտորեն հակասում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին, այն է՝ «ՀԱԿ» անվամբ կուսակցություն ՀՀ-ում չի կարող գործել:
Ավելին, այդ կուսակցությունը չի կարող հանդիսանալ, Ազգային ժողովում և Երևանի ավագանիում գործող «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի իրավահաջորդը:
Ափսոսանքով պետք է նշենք, որ դա չեն հասկանում կամ չեն տարբերում որոշ քաղաքական ուժեր, այդ թվում, այնպիսի հեղինակավոր կուսակցություն, ինչպիսին ՀՅԴ-ն է, որի այդ տեսակետը համագումարին ներկայացրեց վերջինիս ներկայացուցիչը:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավազակաիշխանությունն արդեն իսկ ճանաչել է այդ ապօրինությունը (ԿԸՀ), կարող ենք արձանագրել, որ «ՀԱԿ» անվամբ կուսակցության ստեղծումը հրահրվում է նրա կողմից:
Այդ կապակցությամբ, դատապարտում ենք Առաջին Նախագահի և ավազակաիշխանության կողմից նախաձեռնած սույն ապօրինությունը, որին, հուսով ենք, կանդրադառնան նաև ԱԺ «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքի խմբակցության անդամները: