Լյուդմիլա Սարգսյան. Ոչ մեկին չի հաջողվի նսեմացնել ՀԱԿ-ի պատմությունը, առաքելությունն ու ձեռքբերումները

ՀԱԿԿ հիմնադիր համագումարում այսօր ելույթ ունեցավ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Վերջինս ասաց, որ յուրաքանչյուր նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարի անցկացումը իրադարձություն է Հայաստանի քաղաքական կյանքում, առավել ևս՝ երբ այդ կուսակցության «ծրագրում հզորագույն համաժողվրդական շարժման պատմությունն է»:

Լյուդմիլա Սարգսյանը հիշեցրեց 2008 թվականի նախագահական կեղծված ընտրություններից հետո բարձրացված հզոր ալիքը, որը սոցիալիստներին, ազատականներին, պահպանողականներին ու դեմոկրատներին միավորեց Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ՝ ստանալով համազգային բնույթ:

Նա նշեց, որ մի կողմից ժողովուրդը պահանջում էր արդարություն, իսկ մյուս կողմից՝ խնդիր կար ամեն գնով պահպանել քրեաօլիգարխիկ համակարգը, ինչը, պատգամավորի խոսքով, նրանց հաջողվեց Մարտի մեկյան ողբերգության տասը զոհերի արյամբ, ապօրինի ազատազրկմամբ, ծեծի ու ջարդի, բռնության գնով ու, ըստ էության, ռազմական հեղաշրջման արդյունքում:

Լյուդմիլա Սարգսյանը վստահեցրեց, որ ոչ մեկին չի հաջողվի նսեմացնել ՀԱԿ-ի պատմությունը, առաքելությունն ու ձեռքբերումները, որոնք, նրա խոսքով, ավելին են՝ քան կորուստները: 2008 թվականի շարժումը, նրա խոսքով, ամրացրեց  հասարակության ձևավորման հիմքերը, բարձրացրեց ժողովրդի ազգային ինքնագիտակցության ու արժանապատվության զգացումը, կրթեց նոր սերնդին, կոտրեց վախի մթնոլորտը:

Ժողովուրդը, ԱԺ պատգամավորի խոսքով, պահանջատեր է, և նրա հայացքն ուղղված է պայքարի մարտիկներին՝ իրենց և պայքարը շարունակվում է: Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ ՀԱԿ-ի շուրջ հզոր շարժման հիմք կդրվի ու ժողովուրդը  կգնա դեպի հաղթական հանգրվան:

 

Տեսանյութեր

Լրահոս