
Սաշիկ Սարգսյանի ժողովը՝ մանկապարտեզում. մամուլ

«Նախօրեին քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը հանդիպել է արաբկիրցիների հետ: արաբկիրում է գտնվում նաև Շիրվանզադեի դպրոցը, որի տնօրենը «ՉԻ» տեղեկություններով, հայտարարել է, թե ժամը 17:00-ին Տարոն Մարգարյանը պետք է գա դպրոց՝ հանդիպելու դպրոցի կոլեկտիվի և դպրոցում սովորող աշակերտների ծնողների հետ:
Բնականաբար, տնօրենը հանձնարարել է ուսուցիչներին՝ զբաղվել ծնողներին «հավաքագրելու» գործով: Ուսուցչական կոլեկտիվն ու հավաքված ծնողներն ահագին երկար սպասել են Տարոն Մարգարյանին, որն այդպես էլ չի գնացել դպրոց:
Ավելացնենք, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանն էլ այցելել է Երևանի «Բոքսի հայաթ» կոչվող թաղամասում գտնվող թիվ 5 մանկապարտեզ, որտեղ հավաքվել են թաղի հեղինակություններն ու ժողով անցկացրել: Ժողովը Սաշիկ Սարգսյանն անցկացրել է մանկապարտեզի դահլիճում: Դահլիճի մուտքի մոտ «ուժեղացված ծառայություն» են իրականացրել Սաշիկի թիկնազորի ներկայացուցիչները:
Ժողովի մասնակիցներից մեկը, որի երեխան հաճախում է այդ մանկապարտեզ, «ՉԻ»-ին տեղեկացրեց, որ Սաշիկ Սարգսյանը հավաք է անցկացրել առաջիկա ընտրություններում իրականացվելիք աշխատանքների մասին»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը: