«Հանրապետություն»-ը մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, բայց աչքի չի ընկել. մամուլ
««Դժվար է պատասխանել, թե ինչու չստացվեց: Հավանաբար պլանավորված չէր արդյունքը: Համապատասխան նախապատրաստական աշխատանքներ արված չէին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ապրիլի 9-ի իրադարձությունները «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արտակ Զեյնալյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու շարունակում.
«Նա վստահեցրեց, որ այդ օրը «Հանրապետություն» կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը մասնակցել է, բայց աչքի չի ընկել, որովհետև հարթակում չի եղել: Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ «Մենք ամբողջությամբ ենթարկվում էինք հրահանգներին: Մենք չէինք բարձրանալու հարթակ ու չէինք վերցնելու հարթակը: Դա մերը չէր: Այդտեղ ուղղակի մեր առաքելությունը ժողովուրդ լինելն էր, և մենք ժողովուրդ էինք այդ օրը, մասնակցում էինք: Հրամանատար կար, և ինքն էր որոշում ինչպես անել, ինչպես վարվել: Իրենն էր այդ ամեն ինչը, «Ժառանգությանն» էր»:
Արտակ Զեյնալյանը չցանկացավ անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված քննադատություններին. «Անկախ նրանից, թե ես ինչ գնահատականներ ունեմ, այս պահին ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ»»: