Երևանի ավագանու թեկնածուն ունի «Զապարոժեց», 200 մլն դրամ և 12 միավոր անշարժ գույք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի 29-ամյա որդին` Դավիթ Սեդրակյանը մասնակցում է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Նա նույնպես ՀՀԿ անդամ է և զբաղեցնում է կուսակցության ցուցակի 34-րդ համարը:

Ուսումնասիրելով թեկնածուի գույքի ու եկամուտների հայտարարագիրը, որը ներառում է 2012թ. մարտի 1-ից մինչեւ 2013թ. մարտի 1 ընկած ժամանակահատվածը, պարզվեց, որ նա բավականին մեծ կարողության տեր է: Այս մասին հաղորդում է hetq.am կայքը:

Դավիթ Սեդրակյանը Երևան քաղաքում ունի 6 հողակտոր, 0, 200 հա հողակտոր էլ ունի Ծաղկաձոր քաղաքում: Միանձնյա սեփականության իրավունքով թեկնածուն Երևան քաղաքում ունի նաև 5 շինություն:

Դավիթն ունի նաև երկու ավտոմեքենա ` 1988թ. արտադրության «ZAZ 968» և 2002թ-ի` «GMC TUKON»:

Դավիթ Սեդրակյանի միակ եկամուտը եղել է 2 մլն դրամով գույքի օտարումը, սակայն նրա դրամական միջոցներն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել են 200 միլիոն դրամ:

Ուսումնասիրելով Դավիթ Սեդրակյանի 2012թ. հայտարարագիրը, որը որպես պատգամավոր Մհեր Սեդրակյանի փոխկապակցված անձ ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, պարզվեց, որ ավագանու թեկնածուն ավելի շատ կարողություն է ունեցել:

Օրինակ` նա իր հողամասերից մեկը ձեռք է բերել 190 մլն 993 հազար 500 դրամով, իսկ շինություններից մեկը` 13 մլն 706 հազար 500 դրամով:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2012թ. սկզբին Դավիթ Սեդրակյանն ունեցել է 408 մլն դրամ:

Թե պատգամավորի որդուն որտեղից այդքան գումար, գիտի միայն ինքն ու իր հայրը:

Տեսանյութեր

Լրահոս