Արմեն Մարտիրոսյանը՝ իր քթի մասին. Ոստիկանությունն այնքան թույլ է, որ չի կարողանում չորս անգամ քաղաքացու քթին խփելուց՝ ջարդել
«Չմտածեք` լրիվ լավ է լինելու»,- այսօր Ազատության հրապարակում բացականչեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս անդրադարձավ ապրիլի 9-ին ոստիկանների կողմից իրենց ծեծի ենթարկելու հանգամանքին:
Ա. Մարտիրոսյանը հայտնեց, թե այդ օրը, երբ իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանական բաժանմունք, ինքը ոստիկաններին ասել է. «Ձեզ համար ենք անում, երկու տարի հետո իրար եք բռելու, ծառայությունից հետո տաքսի էլ չեք կարողանալու քշել, որ ձեր ընտանիքը պահեք»:
Նա նշեց, որ Հայաստանում վերջին ժամանակահատվածում աննախադեպ երևույթ գրանցվեց, «երբ շարժման առաջնորդը ոչ թե սև պատերի հետևում էր թաքնված, ոչ թե ժողովրդի մեջքին էր կանգնած, այլ ժողովրդի առջևից իր ընտանիքի ու թիմակիցների հետ առաջ էր գնում»:
Նման առաջնորդն, ըստ նրա, կարող է սխալվել, «կարող է մի պահ ընկնել, բայց նման առաջնորդը ընկած մնալ չի կարող ու տանելու է հաղթանակը»:
«Այն առաջնորդը, ով կարողանում է հարվածն իր վրա վերցնել՝ ունենալու է ավելի քիչ սխալներ, որովհետև իր վրա առաջինը զգալով կանխում է այն»,- մասնավորեցրեց նա՝ ավելացնելով, որ աստված շնորհել է իրենց Ր. Հովհաննիսյանի նման առաջնորդով, ում հետ հաղթանակի են հասնելու:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե այդ օրը ոստիկանները, բարեբախտաբար, այնքան հմտություն ունեցան, որ որևէ քաղաքացու արյուն չթափվեց:
«Այն, ինչ եղել է ինձ հետ՝ խնդիր չէ: Ոստիկանությունն այնքան թույլ է, որ իշխանությունն այնքան գումար չի տալիս իրեն միս գնելու, որ ուժ հավաքի, որ չորս անգամ քաղաքացու քթին խփելուց կարողանա քիթ ջարդել: Այն բորենիների ոհմակը, որը հարձակվեց ինձ վրա, բորենի է մնալու: Անիրավը երբեք ուժեղ չի լինելու, որքան էլ հարձակվի արդարի վրա՝ չի կարողանալու: Իսկ ես հաջորդ օրն առավոտից գործի էի»,- եզրափակեց Մարտիրոսյանը:
Տեսանյութը՝ առաջիկայում: