Ամուսնության նպատակով փորձել է առևանգել աղջկան` սպառնալով սպանել
Գավառի բնակիչ Ռազմիկ Սայադյանը Արևիկ Հովեյանի կամքին հակառակ ամուսնության նպատակով փորձել է բացահայտ առևանգել նրան, իսկ երբ աղջիկը մերժել է, սպառնացել է սպանել: Ռազմիկ Սայադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2 մասի 2 կետով և 147-րդ հոդվածի 2 մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Նախաքննական մարմնի կողմից Ռազմիկ Սայադյանին առաջադրված մեղադրանքից պարզ է դառնում, որ վերջինս 2012թ. հոկտեմբերի 30-ին ժամը 07:30-ի սահմաններում Արևիկ Հովեյանին ամուսնության նպատակով առևանգելու համար գնացել է նրանց տուն և պահանջել, որ դուրս գա տանից՝ հայտարարելով, որ անգամ Արևիկի կամքին հակառակ իր հետ տանելու է նրան: Իսկ երբ լսել է, որ աղջիկը չի ցանկանում իր հետ գնալ՝ բնակարանին կից անասնագոմից վերցրել է մետաղյա խողովակ, բռնություն գործադրելու սպառնալիքով ասել է, որ եթե Արևիկը իր հետ ինքնակամ չգնա, ապա նրա կամքին հակառակ կտանի, հակառակ դեպքում՝ կսպանի:
Այնուհետև Ռազմիկ Սայադյանը երկաթյա խողովակով կոտրել է աղջկա բնակարանի խոհանոցի պատուհանի և մուտքի դռան ապակիները, մուտք գործել տուն, իսկ Արևիկ Հովեյանն ու նրա մայրը պաշտպանվելու նպատակով թաքնվել և փակվել են բնակարանի հյուրասենյակում ՝ կատարվածի մասին ահազանգելով ոստիկանություն:
Սայադյանը շարունակել է սպառնալ, սակայն ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր հասնելով նրան բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին: