Սեյրան Օհանյանը բարձրացրել է հրաձգարանների տարածքների անվտանգության ապահովման խնդիրը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար գնդապետ Օլեգ Սմիրյոնովին և ռազմաբազայի նորանշանակ հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկիին:

Սեյրան Օհանյանը իր խոսքում նշել է, որ ռազմաբազան վերջին տարիներին մեծ ձեռքբերումներ է ունեցել մարտական պատրաստության գործում: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նախկին հրամանատար Օլեգ Սմիրյոնովին համակողմանի արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ նորանշանակ հրամանատարի հետ ևս կշարունակվի սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում մի շարք թեմաների քննարկումից զատ Սեյրան Օհանյանը բարձրացրել է հրաձգարանների տարածքների անվտանգության ապահովման խնդիրը և պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործում:

«Խիստ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած հրաձգարանում մարտական պատրաստության շրջանակներում իրականացվող գործընթացների ժամանակ ապահովվեն անվտանգության բոլոր պահանջները»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Նախարարի պաշտոնակատարին ռուս գնդապետները հայտնել են, որ վերջերս Շիրակի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ Ռուսաստանի ռազմական դատախազությունը իրականացնում է նախաքննական ստուգումներ, դրան զուգահեռ` այս պահին աշխատանքներ են տարվում զորավարժարանների տարածքների անվտանգության բարձրացման համար:

Օհանյանը կարևորել է նաև ռազմակայանի հրամանատարության համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի քաղաքացիական անձինք չհայտնվեն այդ տարածքներում: Ռուս գնդապետները հայտնել են նաև, որ 102-րդ բազայի հրամանատարությունը իր կողմից աջակցություն կցուցաբերի զոհված երեխաների ընտանիքներին:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս