Հայաստանը բարելավել է իր դիրքը աշխարհում՝ զբաղեցնելով 82-րդ հորիզոնականը
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` հանդիսանալով Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, այսօր՝ ապրիլի 10-ին, հրապարակել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող «2013թ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցի» հիմնական արդյունքները:
Նշենք, որ զեկույցում գնահատվում է տարբեր երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:
Այս տարի զեկույցը գնահատել է աշխարհում 144 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը: Ըստ այդմ ՀՏՖ-ի գնահատականներով Ֆինլանդիան, Սինգապուրը և Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով: Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նիդեռլանդները և Նորվեգիան:
Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 82-րդն է 144 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատությամբ 12 տեղով իր դիրքի բարելավման և ընդհանուր միավորի 8.6%-անոց աճի շնորհիվ: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել համաթվի բոլոր 4 բաղադրիչների գծով: Ամենաէական բարելավում գրանցվել է միջավայրի բաղադրիչում (+20 կետ):
ԱՊՀ երկրների շրջանում ցանցային պատրաստվածության ցուցչով Հայաստանը ընդգրկվել է ամենաբարձր աճ գրանցած եռյակի թվում՝ թեև շարունակում է զիջել երկրների մեծ մասին: Նշված համադրելի երկրների շարքում ընդհանուր ցուցչի դրական տեղաշարժ են արձանագրել գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Ղրղզստանի: Առավել էական բարելավում է արձանագրվել Վրաստանում (+23): Ադրբեջանը նույնպես բարելավել է իր դիրքերը (+5): Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են Հայաստանից առաջ գտնվել (համապատասխանաբար 17 և 26 հորիզոնականով), թեև Ադրբեջանի հետ տարբերությունը կրճատվել է:
Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը: Ամենախնդրահարույց ոլորտներից են դատաիրավական համակարգը, պայմանագրերի կիրարկումը, ինչպես նաև տեղական մրցակցային միջավայրը և էլեկտրոնային մասնակցության ցածր մակարդակը: