Բերման ենթարկվածների թիվն աճում է
Այսօր երեկոյան՝ ժամը 20.30-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մնացած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների երթի մասնակիցների մի մասին ոստիկանությունը նախապես զգուշացրել է, որպեսզի նրանք ցրվեն՝ տալով 15 րոպե ժամանակ: Դրանից հետո բերման են ենթարկվել մի խումբ անձինք, որոնց թվում է եղել նաև ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին մասնակցած թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով կոչ էր արել սկսել նստացույց:
Ավելի վաղ՝ 19.20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի մոտակայքից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: Ըստ ականատեսների, նրա դեմքը եղել է արյունլվա: Ոստիկանությունից «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեցին, որ պաշտոնական տեղեկատվություն կտարածեն ավելի ուշ՝ զերծ մնալով որևէ այլ տեղեկություն հայտնելուց:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կոմնակիցները մտադիր էին Բաղրամյան պողոտայով երթով գնալ Ծիծեռնակաբերդ, սակայն նրանց երթը ոստիկանության կողմից կասեցվեց Բաղրամյան-Իսահակյան պողոցների խաչմերուկում: Իրավապահները երթի մասնակիցներին առաջարկեցին Ծիծեռնակաբերդ գնալ Սարյան փողոցով: Մի մասն այդպես էլ վարվեց, նրանց ավելի ուշ հետևեցին Ր.Հովհաննիսյանը և երթի մասնակիցների մի մասը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է Բաղրամյան պողոտա:
Ի դեպ՝ ոստիկանության հետ միջադեպեր այսօր գրանցվել են նաև ցերեկվա ժամերին: Նախագահական նստավայրի դիմաց ոստիկանների և երիտասարդ ակտիվիստների միջև տեղի էր ունեցել բախում. ոստիկաններն ուժ էին կիրառել այդ տարածքում հավաքված Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների նկատմամբ՝ ոլորել նրանց ձեռքերը, հրել, անգամ գետնին գցել, փորձելով նրանց հեռացնել դեպի Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ: Հրել են նաև լրագրողներին, ինչի արդյունքում տուժել է «Առավոտ» թերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:
«Երբ ասացի, որ լրագրող եմ և իմ աշխատանքն եմ իրականացնում, ուշադրություն չդարձրին, հրեցին: Քաշքշուկի և ընկնելու հետևանքով արյունոտվել են ձեռքերս, շորերս են քաշքշել: Ոստիկանները գոռում են՝ կապ չունի, ասում ենք գնա, պիտի գնաս: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հրեց և փողոցում գետնին գցեց ակտիվիստներից մեկին: Նա քիչ էր մնում ընկներ մեքենայի տակ, քանի որ երթևեկությունը չէին կանգնեցրել: Զարուհի Փոստանջյանը բարկացավ, թե ինչու ակտիվիստին հրեց, Կարեն Մովսիսյանն արդարացավ, թե փրկել է նրան, քանի որ ընկնում էր մեքենայի տակ»,-կատարվածը ներկայացրել էր տուժած լրագրողը: