
Փոստանջյանը գնում է ոստիկանական բաժանմունք

Քիչ առաջ լրատվական կայքերից մեկը, մեջբերելով «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի խոսքերը, տեղեկություն էր տարածել, թե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքում:
168.am-ը փորձեց ճշտել Զ.Փոստանջյանից` արդյոք այդ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Զ.Փոստանջյանը նախ նշեց, որ ինքն է գնում ոստիկանական բաժին` մասնավորապես Էրեբունու բաժանմունք` այսօր բերման ենթարկված 10 երիտասարդների վիճակը պարզելու համար, քանի որ իրեն Ոստիկանության Կենտրոնի բաժնում հայտնել են, որ նշված երիտասարդները գտնվում են Արաբկիրի և Էրեբունու բաժանմունքներում:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ տիկին Փոստանջյանն ասաց, որ նման բան չի ասել, պարզապես նշել է, որ չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես գնա տվյալ բաժանմունքներից մեկը` նույն նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից բերման են ենթարկվել մի շարք երիտասարդներ` այդ թվում բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, ով արդեն ազատ է արձակվել: