Քաշքշուկ և հրմշտոց` Րաֆֆի Հովհաննիսյանի և ոստիկանների միջև (տեսանյութ)

«Բարև, Հայաստան» էջը «Youtube» կայքում տարածել է տեսանյութ` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա կողմնակիցների և Ոստիկանության ներկայացուցիչների, այդ թվում Ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի մասնակցությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում` մի քանի ժամ առաջ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր երթով շարժվել դեպի Բաղրամյան փողոցում գտնվող «Սիրահարների» այգի, այնուհետև՝ նախագահական նստավայր` Բաղրամյան 26, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին, և, ի վերջո, երթի մասնակիցներն այլ ճանապարհով վերադարձան Ազատության հրապարակ:

«Եթե անգամ «Սիրահարների» այգին փակ է, ես իջնում եմ Թումանյանի աստիճաններով, եկեք Թումանյանով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և փորձեց առաջ շարժվել, սակայն նրա ճանապարհը փակեց ոստիկանական շղթան, որից հետո սկսվեց իսկական քաշքշուկ և հրմշտոց:

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում «Բարևի» շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Նոր Հայաստանի երդմնակալությունը», որից հետո Հովհաննիսյանն իր կողմնակիցների հետ երթով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև` Մաշտոցի պողոտա, այնուհետև` Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկ:

Տեսանյութեր

Լրահոս