«Հարսնաքարի» գործով նիստին ներկա էին միայն դատավորն ու լրագրողներ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված «Հարսնաքարի» գործով դատական նիստը տեղի չունեցավ: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը դատարանում ասաց, որ դեռևս ապրիլի 5-ին դատարան էր ստացվել գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի գրությունը, համաձայն որի` վերջինս անձնական խնդիրների պատճառով ապրիլի 8-10-ը հանրապետությունում չի գտնվելու:
Այս մասին տեղեկացված էին դատավարության կողմերը, հետևաբար՝ վերջիններս ներկա չէին նիստին: Դատարան չէին բերվել նաև գործով մեղադրյալներ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը:
Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը դահլիճում ներկա լրագրողներին ասաց, որ հնարավորություն չի եղել վերջիններիս տեղեկացնելու այն մասին, որ նիստը չի կայանալու: Հիշեցնենք, որ այս դատական նիստի ընթացքում նախատեսվում էր գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի հարցաքննությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 13-ին: