Երևանում շինարարների թերի աշխատանքի արդյունքում հնարավոր էր` ավտովթարը ողբերգական ավարտ ունենար
Այսօր՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 35-ամյա Սանթրոս Անդրիասյանը, վարելով «Hyundai Elantra» մակնիշի՝ 33 VO 132 համարանիշի ավտոմեքենան, Կիևյան փողոցից դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս՝ նոր կառուցվող ճանապարհի շինարարական հատվածում՝ Լենինգրադյան թիվ 6 շենքի դիմաց, բախվել է բարձիթողի մատնված և ճանապարհին փնթի ձևով թափված, շինարարության համար նախատեսված բետոնե արգելապատնեշներին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը կարողացել է ճիշտ կողմնորոշվել և կառավարել ավտոմեքենան՝ հակառակ դեպքում, եթե նա խուճապի մատնվեր, ապա վթարը ողբերգական ավարտ էր ունենալու և ավտոմեքենան բարձրությունից ընկնելու էր ցած:
Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, և պարզվել է, որ ավտոմեքենան ապահովագրված է «Կասկո» տարբերակով:
Այս պահին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Ներսիսյանը նյութեր է նախապատրաստում:
shamshyan.com