Կարեն Բաբակեխյանը՝ Սարգիս Մարտիրոսյանի մասին. «Մենք բոլորս զինվոր ենք»
Ինչո՞ւ է ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը ուղարկվել կադրերի ռեզերվ՝ Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից և ի՞նչ տրամաբանությամբ է ռեզերվում գտնվող Ս. Մարտիրոսյանը գործուղվել Գյումրի՝ որպես Գյումրի քաղաքի ոստիկանապետ: Այս հարցերի շուրջ galatv.am-ը զրուցել է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հետ:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը ԳԱԼԱ-ի գրավոր հարցումներին պաշտոնապես պատասխանել էր հետևյալը. Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը ՀՀ ոստիկանության պետի 26.11.2012 թ. հրամանով ազատվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից՝ գրանցվելով կադրերի ռեզերվում, որից հետո գործուղվել է Գյումրի:
ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանի նախկին ենթականեր Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի նկատմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով (գործի նախաքննությունն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը) նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը»:
Ըստ տեղեկությունների՝ հիշյալ երկու անձիք աշխատանքից հեռացվել են Ս. Մարտիրոսյանի հետ միասին՝ նույն գործով պայմանավորված, միայն թե Մարտիրոսյանն ուղարկվել է ռեզերվ, իսկ ենթակաները՝ քրեական պատասխանատվության:
«Կադրերի ռեզերվում լինելը սովորական բան է, ես ինքս մի չորս անգամ հայտնվել եմ կադրերի ռեզերվում և սովորական եմ վերաբերվում, որ Սարգիս Մարտիրոսյանին էլ ռեզերվից հետո նշանակել են Գյումրու ոստիկանապետ,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:- Պաշտոնական դիրքի չարաշահման կամ որևէ խնդիր առաջանալու պարագայում բարձրաստիճան պաշտոնյային երբեք ռեզերվ չեն ուղարկում, այդ դեպքում բարձրաստիճան պաշտոնյային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից պատճառաբանությամբ, որ այդ մարդը արժանի չի ոստիկանությունում աշխատելու: Բայց եթե մարդը գնում է ռեզերվ, դա ի՞նչ է նշանակում, այսինքն էդ մարդը ինքը ռեզերվի մեջ ա և յուրաքանչյուր ժամանակ ոստիկանության պետը իրավունք ունի էդ ռեզերվից տվյալ անձնավորության մասնագիտական հմտությունները, իրա պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով՝ որոշի՝ իրան որտեղ, որ ոլորտն ուղարկի:
Մենք բոլորս զինվորներ ենք: Ես որ նոր եկա, ինձ էլ հարց տվեցիք՝ «պարոն Բաբակեխյան, ի՞նչ է նշանակում հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալին ուղարկել են Գյումրի», իսկ ես պատասխանեցի՝ ես ընդամենը զինվոր եմ, որտեղ նպատակահարմար գտան, ես այնտեղ էլ կշարունակեմ, ուր գործուղեց նախարարը, մենք այնտեղ էլ պարտավոր ենք ծառայել, այդտեղ առանձնապես բան չկա: Բարձրաստիճան պաշտոնյային ոչ վայել զանցանք եթե կատարած լիներ, ոստիկանության պետը կազատեր աշխատանքից»: