«Դասական խարդախության հետ գործ ունենք». Ասում է քաղաքապետարանի պաշտոնյայի պաշտպանը
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանի պաշտպան Լևոն Ներսեսյանը այսօրվա դատական նիստում միջնորդել է վերաորակել քաղաքապետարանի պաշտոնյային առաջադրված մեղադրանքը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: Նա հայտարարել է, որ իր պաշտպանյալն ընդունել է խարդախության մեղադրանքը, սակայն կաշառք ստանալու մեղադրանքն անհիմն է, ապօրինի և չի բխում քննության ձեռք բերված ապացույցներից: Փաստաբանի ներկայացմամբ, Կ.Միքայելյանն օժտված չի եղել իշխանության ներկայացուցչի, մասնավորապես, մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշման րնդունմանը նպաստելու լիազորություններով, ուստի չէր կարող դրա դիմաց կաշառք ստանալ:
«Դասական խարդախության հետ գործ ունենք» , – հայտարարեց պաշտպանը՝ միջնորդելով կաշառք ստանալու մեղադրանքը վերաորակել խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով խարդախության:
Երևանի Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գագիկ Դանիելյանի պաշտպան Կիմա Սարյանը ևս միջնորդեց իր պաշտպանյալին առաջադրված կաշառք ատանալուն ու խարդախությանը օժանդակելու մեղադրանքը վերաորակել կաշառքի միջնորդության:
Պաշտպաններն ու պաշտպանյալներն իրենց պաշտպանական ճառերում դատարանից խնդրեցին հնարավորինս մեղմ պատիժ նշանակել:
Մեղադրող կողմն իր ճառում ավելի վաղ միջնորդել էր Կ.Միքայելյանին ու Գ.Դանիելյանին դատապարտել համապատասխանաբար 8 և 7 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ:
Ըստ մեղադրանքի դրվագներից մեկի, Կ.Միքայելյանը, ով նաև Երևանի առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման ծրագրի աշխատանքային հանձնաժողովի և Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամ էր, 2007թ. գարնանը և ամռանը անձամբ և Գ. Դանիելյանի միջոցով անհատ ձեռներեց Լարիսա Իսպիրյանից խոշոր չափերով՝ 971.604 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ և 2000 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու մեջ՝ նրան պատկանող մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշման րնդունմանը նպաստելու համար:
Ի դեպ, Լ.Իսպիրյանը միջնորդեց իր քաղհայցը լրացնելու կամ փոփոխելու համար իրեն մեկ օր տրամադրել՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մեկ շաբաթ տրամադրեց: