Արծրուն Հովհաննիսյան. Զորքի զգոնությունը բարձրացվել է, բայց պետք չէ քաղաքականացնել
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ պաշտպանության նախարարության` մարտական հերթապահություն չիրականացնող զորամասերը Սերժ Սարգսյանի` վաղը կայանալիք երդման արարողության կապակցությամբ բերվել են մարտական` առաջին պատրաստականության վիճակի: Նշենք նաեւ, որ ըստ տեղեկությունների՝ զինվորականներին արդեն հրահանգել են, թե անհրաժեշտության դեպքում ով ինչ դիրք է զբաղեցնելու եւ ինչ առաջադրանք է կատարելու:
«Որոշակի ֆանտաստիկ ձեւով են ընկալվում այդ բառակապակցությունները՝ մարտական դիրքի բերել եւ այլն, եւ այլն, կարծում եմ, բնական է, որ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ պետք է, որ այդպես լիներ: Զորքերի զգոնությունը բարձրացվում է ե՛ւ մայիսի 9-ին, ե՛ւ սեպտեմբերի 21-ին, ե՛ւ նման օրերին, բայց հատուկ ընդգծել ու քաղաքականացնել խորհուրդ չեմ տա: Բանակը չեզոք է, կապ չունի քաղաքականության հետ: Նորից եմ կրկնում՝ մի շահարկեք, զորքերը շատ ավելի չեզոք են քաղաքականից եւ ծառայում են երկրի անվտանգությանը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ վաղը` ապրիլի 9-ին, պետք է կայանա Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կողմնակիցները պատրաստվում են խոշոր հանրահավաք ու երթ կազմակերպել Երեւանում: