Բաժիններ՝

Բաց նամակ Սերժ Սարգսյանին և Տարոն Մարգարյանին. Ես ու ընտանիքս այս ԱՊԱՀՈՎ Հայաստանում ինչպե՞ս ապրենք

Քաղաքացի Լադիկ Աղաջանյանը բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին ու Տարոն Մարգարյանին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժան պետական այրեր:

Ես Լադիկ Աղաջանյանս, ծնվել եմ 1953 թվականին: Այս տարի օգոստոս ամսին կլրանա իմ 60 տարին, որից շուրջ 35-ին ամբողջովին նվիրվել եմ իմ երկրի վերաշինմանը: Արդեն տասը տարի է՝ ինչ չեմ աշխատում, թեպետ այսօր էլ պատրաստ եմ իմ կյանքի մեծ փորձով, հարուստ գիտելիքներով ծառայել իմ երկրին ու պետությանը: Բայց ինչի՞ մասին եմ խոսում, երբ մեր երկրում 35-40-ից հետո մարդն այլևս պիտանի չէ ոչ մեկին, ավելին՝ խանգարում է իր գոյությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ կարծես պետությունը շտապում է հնարավորիս շուտ ազատվել իմ նմաններից: Բայց ես դեռ ոչինչ: Իսկ ինչ անեն այն տասնյակ հազարավոր երիտասարդները, ովքեր ունեն թե գիտելիք, թե ցանկություն հայրենիքում ապրելու և ընտանիք կազմել, բայց դեռ կյանքի շեմին արդեն շփոթված ու մոլորված չգիտեն ի՞նչ ապագա է սպասվում: Ես էլ բոլորի նման ունեմ ընտանիք, իմ խնամքի տակ են գտնվում կինս, տղաս իր ընտանիքով և աղջիկս:
Նրանք բոլորն էլ բարձրագույն կրթություն ունեն, իրավաբան են ու տնտեսագետ, սակայն մինչ զբաղված են աշխատանքի փնտրտուքով ու առանց արդյունքի: Եվ գիտեք թե ինչու՞. որովհետև այլևս համոզվել են, որ առանց հովանավորչության աշխատանք չեն կարող գտնել: Նրանք արդեն հոգեպես պատրաստ են՝ լքելու հայրենի տունը, ուր միայն հուսահատություն ու անորոշություն է տիրում: Ու ես ամոթահար եմ նրանց առաջ, որովհետև որպես հայր ու հայ տղամարդ անզոր եմ որևէ բան փոխել իրենց համար, որովհետև ոգևորված համոզել եմ, թե Դուք փորձառու ղեկավարներ եք և ամեն ինչ անելու եք ԱՊԱՀՈՎ Հայաստան կառուցելու: Սուտ, բացարձակ սուտ, հերթական անգամ մարդկանց, այդ թվում նաև մեզ խաբելու մի գեղեցիկ հեքիաթ:
Ես շաքարային դիաբետիկ հիվանդ եմ, գտնվում եմ հաշվառման մեջ: Տարիքային կեսաթոշակ չեմ ստանում, ինձ հասանելի դեղորայքը ստանում եմ շատ քիչ և երեք չորս ամիսը մեկ անգամ, այն էլ մինչև քսան օր օգտագործման դոզա:

Հարց եմ ուղղում Ձեզ. այս ԱՊԱՀՈՎ Հայաստանում եթե իմ ընտանիքի անդամները չեն աշխատում, կենսաթոշակ չեմ ստանում, հպարտ եմ ու ողորմություն մուրացող չեմ, դեղորայք չեմ ստանում, տարրական հացի խնդիրը մեզ համար կյանքի և մահու չափ դժվարացել է, ես ու ընտանիքս այս ԱՊԱՀՈՎ Հայաստանում ինչպե՞ս ապրենք: Դրա համար էլ մի վերջին խնդրանք. Ձեր միլիոններից գոնե տվեք՝ հեռանալու արդեն մեզ համար ատելի դարձող երկրից, հնարավորություն տվեք՝ մարդավայել մեռնելու, թեկուզ օտար ափերում: Այդպես և Դուք ավելի ապահով կզգաք Ձեզ, և մենք ապահով կլինենք օտարների մեջ: Թե չէ մի օր էլ մեզ օրը ցերեկով մի ստահակ կարող է շատ հանգիստ գնդակահարել հենց մեր դռան առաջ, ինչպես որ գրեթե ամեն օր կատարվում է մեր քաղաքում ու երկրում: Հա, չմոռանամ ասել, որ մաղթում եմ Ձեզ էլ ավելի մեծ ապահովություն այս անապահով ու թշվառ երկրում»:

ilur.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս