Բաժիններ՝

ՀՔԾ-ն վկային օգնել է հիշել

Բանդիտիզմի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տված ՀՀ ԱՆ հոգեբուժարանի սանիտար Հրանտիկ Պետրոսյանը, ով հաստատեց, որ 2011թ. մայիսի 16-ի ուշ երեկոյան թույլ է տվել, որ պարտադիր բուժում անցնող Դավիթ Գալստյանը մի քանի ժամով բացակայի բուժհիմնարկից: Այդ օրը, ըստ գործի նյութերի, ամբաստանյալ Դ.Գալստյանն իր երեխայի բուժօգնությունը կազմակերպելու փոխարեն մասնակցել է ավազակային հարձակմանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում վկան ի պատասխան դատավարության կողմերի հարցերի, հայտարարեց, որ ինքը նման լիազորություն չուներ, սակայն բաց թողեց ամբաստանյալին, այդուհանդերձ լիազորություններից չբխող գործողություն անելու համար վերադասն ընդամենը բանավոր խիստ նկատողություն է արել իրեն: Պաշտպանական կողմի այն մտահոգության վերաբերյալ, թե արդյոք ինքը աշխատանքից չի հեռացվել ու քրեական պատասխանատվության չի ենթարկվել որոշակի ծառայությունների դիմաց, վկան ժխտողական պատասխան տվեց: Այդպիսի դեպք իրոք եղել է, ընդգծեց նա, բայց ամսաթիվն ինքը հիշել է Հատուկ քննչական ծառայության քննիչների օգնությամբ:

Դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա էին հակասություններ, այդ պատճառով վերջիններս հրապարակվեցին: Նախաքննական ցուցմունքների սկզբնամասը գրվել էր տպատառ, իսկ վերջնամասը, որում վկան ի տարբերություն սկզբնամասի մանրակրկիտ պատմում էր մայիսի լույս 17-ի գիշերը Դավիթ Գալստյանին հոգեբուժարանից դուրս թողնելու մասին, գրվել է վկայի ձեռքով: Դատարանում նա պարզաբանեց, որ քննիչը ցույց է տվել Դ.Գալստյանի խոստովանական ցուցմունքը, և ինքը տվել է այդ ցուցմունքը:

Տուժող Կարեն Ջինանյանի եղբայրը՝ վկա Սամվել Ջինանյանը, ցուցմունք տվեց առ այն, որ իրենց թաղամասում երեք անգամ տեսել է անծանոթ մեքենա: Մեքենայի «ապակիները քրտնած էին»՝ թեև, ըստ գործի նյութերի, խոսքը 2011թ. սեպտեմբերի մասին է: Վկան հաստատեց իր եղբորից լսածն առ այն, որ փորձել են ներխուժել եղբոր տուն՝ դռան փականի չրխկոց է լսվել:

Ապրիլի 15-ի դատական նիստում վկաների հարցաքննությունը կշարունակվի:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս