Իմիջի՞ հարց է

«Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը Սերժ Սարգսյանի երդմնակալությանն ինձ շատ չի մտահոգում: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդն է, հետևաբար՝ նրանց շահերն ու կապող օղակները չափից դուրս շատ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը զարմանալի կլիներ այն դեպքում, եթե վերջինս 2013թ. փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների վերաբերյալ հստակ հայտարարություն աներ: «Եթե նա գնահատական տար նախագահի ընտրություններին, և այդ գնահատականներն օբյեկտիվ լինեին, կարծում եմ, որ չպետք  է մասնակցեր»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավորի կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը  և Ռոբերտ Քոչարյանը կարևորեին հասարակության կարծիքը, երդմնակալության արարողությանը երկրորդ նախագահը ներկա չէր գտնվի, քանի որ 2008թ. մարտի 1-ից հետո նրա նկատմամբ կա հստակ ձևավորված բացասական վերաբերմունք: «Ռոբերտ Քոչարյանի համար երևի թե դա էական չէ. այսօր ասում է մի բան, վաղը  է կարող անել ճիշտ հակառակը»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը` ավելացնելով,  որ Սերժ Սարգսյանի հասցեին արված Ռոբերտ Քոչարյանի նախկին քննադատություններին երբեք էլ լուրջ չի վերաբերվել:

Ի տարբերություն ՀԱԿ խմբակցության` «Բարգավաճ Հայաստան» և Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունները մինչ այժմ հստակ չեն հայտարարել  նախագահի երդմնակալությանն իրենց մասնակցության մասին: Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցինք` Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը կարո՞ղ է այս կուսակցությունների որոշման վրա ազդեցություն ունենալ: «Եթե մտածենք, որ նրանք ուղիղ  կապ  ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ, այո, կարող ենք այդպես դիտարկել, բայց ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը ձեր նշած քաղաքական ուժերի վրա այդքան մեծ է: Ես չեմ բացառում ոչ մի բան, բայց ես հստակ մեր խմբակցության անունից կարող եմ դիրքորոշում հայտնել`չմասնակցելու վերաբերյալ: Մյուս խմբակցություններն իրենք պետք է մտածեն, թե դա որքանո՞վ կարող է ազդել իրենց իմիջին՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Իբրև ՀԱԿ խմբակցության պատգամավոր և ՍԴՀԿ ատենապետ՝ Լյուդմիլա Սարգսյանի դիրքորոշումը հստակ է նաև ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության վերաբերյալ: «Ես դա լուրջ չեմ համարում»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս