Արաբկիր վարչական շրջանում 27-ամյա աղջիկը բարձրահարկ շենքից իրեն ցած է նետել
Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արաբկիրի 25 փողոցի 2-րդ շենքի բակում աղջկա դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, ովքեր բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 27-ամյա Ա. Հ.-ի դին:
Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները: Օպերատիվ-քննչական խումբը պարզել է , որ Ա. Հ.-ն ինքնասպանության նպատակով 8-րդ հարկից իրեն ցած է նետել:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են, որ հնարավոր է աղջիկն այդ ծայրահեղ քայլին դիմել է այն բանի համար, որ ամիսներ առաջ վրաերթի հետևանքով մահացել էր մայրը, իսկ իրեն ազատել էին աշխատանքից, ինչն էլ աղջկա մոտ անընդհատ առաջացրել է հոգեբանական ծանր վիճակ և նա մի քանի անգամ եղբորը հայտնել էր, որ չի ուզում ապրել: