
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. 2 երեխա է մահացել ականի պայթյունից

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել , որ Հովհանի և Վահրամաբերդ գյուղերի միջև ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, մահացած երխաներ կան:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյան քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արթուր Այվազյանի գլխավորությամբ:
Օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Վահրամաբերդ գյուղի բնակիչներ, 15-ամյա Մուշեղ Գևորգյանի և 12-ամյա Արթուր Մկրտչյանի դիերը:
Նշվում է, որ երեխաները ոչխարի հոտը արածացնելուց են եղել, երբ տանկային հրաձգարանի տարածքում պայթուցիկ զինամթերք են հայտնաբերել, ինչից հետո առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով էլ տեղ է ունեցել ողբերգությունը:
Նշված տարածքը 45 տարով վարձակալական հիմունքներով տրամադրվել է ՌԴ զինված ուժերին: