
Հալաբյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է երիտասարդի դի՝ հրազենային վնասվածքով

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով Հալաբյան փողոցի 47 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենք են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվ- քննչական խումբը նշված շենքի բնակարանի ննջարանում, որն ավելի շատ պատշգամբ է, հայտնաբերել են 27-ամյա Հայկ Նազարյանի դին՝ բերանի մասում հրազենային վնասվածքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերվել է նաև ԻԺ տեսակի որսորդական հրացան, որով Հ. Նազարյանը ինքնասպան է եղել: Արդեն պարզվել է, որ հրացանը հաշվառված է իր անունով և այն օրինական է:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ՝ հրացանն առգրավվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: