Միջադեպ Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Եսայանի (Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի) սպանության գործով հերթական դատավարությունը սկսվեց և ավարտվեց գործին չառնչվող հարցերով, փոխադարձ վիրավորանքներով, սանկցիա կիրառելու պահանջներով, անգամ սպառնալիքներով: Նախ, վկայություն տվեց Հարություն Սարգսյանի մորեղբայր Սուրեն Նիկոլյանը: Նրա խոսքերով՝ իրեն 2 օր պահել են ոստիկանական բաժանմունքում, ապա խուզարկել բնակարանը և մեքենան, վկայի հարցաքննությունը բազմիցս ընդմիջվեց կողմերի միջնորդություններով, եղան նաև արձագանքներ դահլիճից այն ժամանակ, երբ վկան պատմում էր, թե ինչպես և ինչ նպատակով են տանը օգտագործել որսորդական հրացանը.«Դրանով կրակում էինք ,որ ձայնի և վառոդի հոտից տանն եղած կրծողները փախնեն» ,-իր վկայության մեջ ասաց Սուրեն Նիկոլյանը: Այս պատասխանը չգոհացրեց դահլիճում ներկաներից մեկին, ով որոշեց տեղից արձագանքել, պաշտպանող կողմը միջնորդեց՝ վերջինիս դուրս հրավիրել դահլիճից : Հնչեցին միջնորդություններ դատական սանկցիա կիրառելու մասին, ինչպես դահլիճում գտնվողների, այնպես էլ կողմերի նկատմամբ, քանի որ հարցաքննության ընթացքում հնչող հայտարարությունները, միջնորդությունները, տեղից խոսելու սովորությունը խանգարում էին դատաքննության ընթացքին, դատական սանկցիա, սակայն, այդպես էլ չկիրառվեց ոչ մի կողմի նկատմամբ: Նշենք, որ վկայի շուրջ 2 ժամ տևած հարցաքննությունը պարբերաբար ընդմիջվում էր, քանի որ դատարանի դահլիճում պատշաճ կարգ ապահովելն անհնար էր:
Գործով քննվող հաջորդ վկան Հակոբ Կարապետյանն էր, վերջինիս ուղեկցող մայրն ու մորաքույրը դեռ հարցաքննությունից առաջ նշեցին, որ վկան մտավոր խնդիրներ ունի: Նա չէր հիշում նախաքննության ընթացքում՝ ինչ ցուցմունք է տվել և, առահասարակ, չէր կարողանում պատասխանել և ոչ մի հարցի: Պաշտպանող կողմը միջնորդեց. «Քրեական օրենսգրքի պահանջներից կլիներ ընդհանրապես հրաժարվել վկայի հարցաքննությունից»: Լուսինե Սահակայնի այս միջնորդությունն առարկեց մյուս կողմը, զայրացրեց նաև դատարանի դահլիճում ներկաներից մի քանիսին, որոնք սպառնացին փաստաբանին, հասցրեցին անձնական բնույթի վիրավորանքներ: Դահլիճում առաջացած աղմուկն ու վիճաբանությունը անհանգստացրեց նաև վկային և նրա հարազատներին: Դատական նիստը մի քանի անգամ ընդմիջվելուց հետո հետաձգվեց, վկան այդպես էլ չհարցաքննվեց, որոշում ընդունվեց վերջինիս հարցաքննել հաջորդ դատական նիստի ժամանակ: