«Որքան սպեցնազ բերեք, զենք բարձրացնեք, գնում ենք մեր իրավունքի համար». Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատամարտիկ, ագային հերոս, դրոշակակիր, դաշնակցական ընկերոջ Հրաչ Մուրադյանի համար պատասխան պետք է տան: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը ու խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել վերջինիս հիշատակը: Նա վստահություն հայտնեց, որ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու մյուս պայքարակիցները Հրաչ Մուրադյանի մասին խոսք կասեն, բայց. «որևէ պատրվակ, պատճառ, բացատրություն չկա առ այն, որ մեր հպարտության զինվորը իր ծառայության մեջ, մեր հայրենիքում, կյանք տված իր ընկերների հետ, զոհ գնաց վախկոտ կուսակցականացած ռեժիմին, այն էլ ազգային հերոսի տարեդարձին»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե պայքարն այսօր է, իր հերթին՝ ապրիլի 9-ը նույնպես պայքարի  է. «Ուրիշը չկա՝ ո՛չ հայրենիք, ո՛չ հավատամք, ո՛չ Հրաչ, ո՛չ երեխայի ապագա… ուրիշը չկա: Մեզնից կախված է: Կանգնենք մեկ-մեկ, բայց չենք ծնկելու. պետք է հաղթենք: Մենք միասին հարյուր հազարներով, միլիոններով ակնհայտ ու ամեն մի միջանցքում, հայաստանյան եղանակի տակ, այդ հազարների մեջ, մենք մեկ ենք»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ իրենք ընդդիանում են ստին, կեղծին, անարդարության՝ փետրվարի 18-ի սրիկյության համար. «Վայ նրանց, ովքեր ապրիլի 9-ին սուտ երդում են ուտելու. չենք ներելու նրանց»:
Ապրիլի 9-ը, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, միասնության ազգային օրն է, որտեղ չկա բաժան-բաժան ժողովուրդ, քանի որ, ըստ նրանց, ժողովուրդը մեկ է ու պահանջում է ճշմարտությունը:
Ր. Հովհաննիսյանը ընդգծեց, որ իր խոսքերը «ռոմանտիկա չեն, ոչ էլ ծաղրվող ժպիտ», այլ՝ արևի, լույսի խաղաղության բանակ՝ «անզեն, բայց՝ զինված մեր իրավունքով»: Նա նաև հայտարարեց. «Որքան սպեցնազ բերեք, զենք բարձրացնեք, գնում ենք մեր իրավունքի համար»:

Տեսանյութեր

Լրահոս