«Կովալի պես տականքն էլ, դեռ դիակը չսառած, նման գնահատականներ տա՞». Սասուն Միքայելյան
Այսօր Արցախյան ազատամարտիկ, Պռոշյանի համայնքապետ, երեք օր առաջ սպանված Հրաչ Մուրադյանի հուղարկավորությանը ներկա էր Արցախյան ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հիմնադիր Սասուն Միքայելյանը: Նա նույնպես անձամբ ճանաչել է Հրաչ Մուրադյանին: ԳԱԼԱ-ի հետ զրույցում գնահատական տալով կատարվածին՝ նա նշել է, որ այդ ամենը անպատժելիության մթնոլորտի հետևանք է և տարակուսանք հայտնել՝ ինչպե՞ս կարող է պատերազմ անցած ազատամարտիկը դավադրաբար սպանվել իր գյուղում, ուր գյուղապետ է աշխատել: Նրա խոսքով՝ Հրաչ Մուրադյանի դերը մեծ է մեր երկրի պաշտպանության, բանակի ձևավորման, հատկապես Շուշիի գնդի ձևավորման գործում:
«Կովալի պես տականքն էլ կանգնի ու դեռ դիակը չսառած՝ նման գնահատականներ տա՞: Ես շատ վիրավորված եմ Կովալի ասածներից, ինքը չկա մարդկային ոչ մի տեսակի մեջ, բայց կռվող տղուն նման գնահատականներ է տալի՞ս»,- նշել է Սասուն Միքայելյանը: ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, որ Կոտայքի մարզպետն արդեն պարզաբանումներ է տվել, որ իրեն սխալ են հասկացել, Սասուն Միքայելյանը ասել է. «Արդարացում չկա: Ասել ա սկզբից էն, ինչ որ ասել ա՝ թարախ ձևով»:
Նա նշել է, որ Հրաչ Մուրադյանի կարգի մարդիկ չեն ենթարկվել Կոտայքի մարզպետի նման մարդկանց, գործի մեջ, հնարավոր է, ենթարկվել է, բայց կամակատար երբեք չի եղել, ահա ինչու Սասուն Միքայելյանի կարծիքով, Կովալենկո Շահգալդյանը չի կարողացել զսպել իրեն ու «մեջի թույնն է թափել»: Նրա խոսքերով, այսօր երկրում մեծ դեր է խաղում շողոքորթությունը, բայց կգա ժամանակ, որ ամեն ինչ կկարգավորվի, ու արժեքները կգտնեն իրենց տեղը կյանքում:
«Այսօր հարաբերությունները տեր ու ծառայի պատմության նման են, եթե ծառա ես, ուրեմն ծառա ես, նորմալ սեփական կարծիք չես կարող ասել, էն էլ Կովալին, որ էս երկրից, էս պետությունից խաբար չի, չգիտի, թե արևը որտեղից է դուրս գալիս ու որտեղ է մայր մտնում»,- ասել է Սասուն Միքայելյանը:
Այն հարցին՝ որևէ տրամաբանության ենթարկվո՞ւմ է արդյոք կատարված հանցագործությունը, նա նշել է, որ չի կարող գնահատական տալ, քանի որ արտառոց դեպք է, որքան ժամանակ էր նման դեպք չէր եղել, որ ազատամարտիկ-գյուղապետը սպանվի գյուղապետարանի դիմաց, մանավանդ որ հասկանալի չէ՝ ի՞նչ պատճառով և ինչի՞ համար: Սասուն Միքայելյանի խոսքով՝ այդ հարցերի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները, բայց մեր երկրում իրավապահ մարմինները վստահություն չունեն: Վստահո՞ւմ է արդյոք Սասուն Միքայելյանը, որ իրավապահ մարմինները կբացահայտեն այդ դավադիր սպանությունը։ Սասուն Միքայելյանն այս հարցին պատասխանել է.
«Ես ո՞նց կարող եմ վստահել իրավապահ մարմիններին, որ ես ինքս եմ այդքան անհիմն դատվել ու նստել: Անհնար է, որ այս իշխանության պայմաններում իրավապահ մարմինները նորմալ գործեն: Անարդարությունից այն կողմ բան չի մնացել Հայաստանում: Ես միշտ ասում եմ, որ բոլոր կռվողներս մի մորից չենք ծնվել, բայց մի արգանդից ենք ծնվել ու նույն բախտին ու ճակատագրին ենք արժանանալու: Էս դեպքը մեզ մտածելու տեղիք է տալիս, որ մենք պետք է համախմբվենք, որ նման բաները էլ չկրկնվեն»։