
Երևանում վրաերթի է ենթարկվել 23-ամյա աղջիկը. վարորդը մեղայականով ներկայացել է

Այսօր՝ ապրիլի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:00-ի սահմաններում բեռնատար «Газель» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը՝ միջին ծանրություն ախտորոշմամբ, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին է ինքնակամ ներկայացել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ 64-ամյա Գառնիկ Շիրինյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած բեռնատար «Газель» մակնիշի՝ 12 OS 549 համարանիշի ավտոմեքենայով:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզել է նաև, որ վրաերթի ենթարկվածը 23-ամյա Աննա Տոռոզյանն է: