Բաժիններ՝

Հայաստանում կլինեն հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցներ

Ապրիլի 6-ից ուժի մեջ կմտնեն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները:

Ըստ այդմ, մասնավորապես, օրենքում լրացուցիչ ամրագրվել է, որ հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հյուրանոցային տնտեսության օբյեկտի` սպառողների համար դրսից տեսանելի հատվածում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտը ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում ներկայացնելիս ՀՀ կառավարության սահմանած ձևով և կարգով պետք է նշի հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը: Իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելը կամ գովազդելն արգելվում է:

Բացի այդ, սահմանվում է հյուրանոցների որակավորման նոր կարգ, ըստ որի դրանք կորակավորվեն հնգաթև աստղերով նշվող մեկից հինգաստղանի և հնգաթև աստղերով ու «Դելյուքս» գրառմամբ նշվող հինգաստղանի «Դելյուքս» որակավորման կարգերով:

Մոթելները որակավորվում են հնգաթև աստղերով նշվող մեկից հինգաստղանի, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները` մեկից չորսաստղանի որակավորման կարգերով:

Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով:

Միաժամանակ ուժի մեջ մտնող «Պետական տուրքի մասին» օրենքում ընդունված փոփոխությունների և լրացումների համաձայն` հինգ աստղ «Դելյուքս» որակավորման համար սահմանվել է տարեկան բազային տուրքի 1500-ապատիկի չափով (1,5 մլն դրամ) պետտուրք:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս