
‹‹Զվարթնոց»-ի ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը կասկածվում է ադամանդների մաքսանենգության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր ձերբակալել է ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին։ Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՔԾ-ից, բաժնի պետը կասկածվում է մաքսանենգության մեջ։ Նրա հետ միասին ձերբակալվել է նաեւ Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը:
Քրեական գործը վերաբերում է մեծ քանակությամբ ադամանդի մաքսանենգությանը։ Մասնավորապես, ըստ նախաքննության տվյալների, Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշոր չափերի` 2702.58 կարատ ադամանդները 2013թ. մարտի 1-ին նախնական համաձայնությամբ, Արսեն Փափազյանի պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվել է Հայաստան՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և չհայտարարագրելու միջոցով:
Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
«Փաստինֆո»