Բաժիններ՝

Գյուղապետի սպանությունը անպատժելիության մթնոլորտի հետևանք է. ՀՅԴ հայտարարությունը

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է այսօր առավոտյան տեղի ունեցած՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքին։ Հայտարարության մեջ նշվում է.

«Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև ավարտը մարտական փառահեղ ուղի էր անցել։ Պարգևատրվել էր Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ մեդալներով: 2005-ից երեք անգամ անընդմեջ ընտրվելով գյուղապետ՝ նա դրսևորել էր իրեն որպես օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռոշյանցիների բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն և ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականություն՝ Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսևորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրին այս վախճանին:

Ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում։ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայոց պետականության և նրա վարկի դեմ:

Դատապարտելով կատարված ոճրագործությունը՝ ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ և լիարժեք բացահայտում՝ կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս