Արտաքին գովազդային վահանակներում ամենից շատ պաստառներ կունենա ՀԱԿ-ը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ի նիստում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու իրավունքը: Բաշխումն իրականացվել է` հաշվի առնելով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված հայտերը, ինչպես նաև վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված վահանակների ցանկերը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված 216 վահանակներից 9-ի վերաբերյալ հայտեր չէին ներկայացվել:

Այն 48 վահանակները և վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել է միայն մեկ հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը վերապահվել է միակ հայտը ներկայացրած կուսակցություններին: Ըստ այդմ, 38 վահանակներ տրամադրվել են «Հայ ազգային կոնգրես»-ին, 8-ը` ՀՀԿ-ին, 1-ական` «Բարև Երևան»-ին և «Բարգավաճ Հայաստան»-ին:

Մնացած 159 վահանակների 227 մրցակցային կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել էին մեկից ավելի հայտեր, բաշխվել են հայտ ներկայացրած կուսակցությունների միջև` «MS VISUAL STUDIO» ծրագրի միջոցով: Արդյունքում` ՀԱԿ-ին բաժին է հասել 68, ՀՀԿ-ին` 64, «Բարև Երևան»-ին` 30, «Բարգավաճ Հայաստան»-ին` 24, «Առաքելությանը»` 19, ՀՅԴ-ին` 12, «Օրինաց երկիր»-ին`10 կողմեր:

ԿԸՀ-ի այս որոշման արդյունքում` արտաքին գովազդային վահանակներում ամենից շատ քարոզչական պաստառներ տեղադրելու իրավունք կունենա ՀԱԿ-ը` 38 վահանակների և 68 վահանակների մեկական կողմի վրա:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս