«Որտեղի՞ց Արտոյին այս չարությունը…»
Թատերագետ Լևոն Մոթաֆյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Արմենիա» հ/ը եթերով ընթացող «Հայաստանի ձայն» մրցույթի հաղթող Մերի Մնջոյանին և վերջինիս մասին Արտո Թունջբոյաջյանի մեկնաբանություններին։
«Ավարտվեց «Արմենիա» հ/ը եթերով ընթացող «Հայաստանի ձայն» մրցույթը: Ինչպես շատերն էին սպասում, հաղթող ճանաչվեց 18-ամյա գյումրեցի երգչուհի Մերի Մնջոյանը՝ Մաշան, ում երաժշտական աշխարհի շատ մասնագետներ համարում են հզոր ձայնով վառ անհատականություն: Երգչուհի Սոնայի թիմից հանդես եկող երիտասարդ երգչուհու ընթացիկ ելույթների առթիվ բազմիցս էր արտահայտվել նշանավոր երաժիշտ-երգիչ Արտո Թունջբոյաջյանը՝ զարմացնելով իր ընդգծված սուբյեկտիվիզմով: Շատերը փորձել էին «Գրեմմի» մրցանակի դափնեկրի խոսքում տեսնել մասնագիտական մտահոգություն երգչուհու ձայնի, կատարողական խնդիրների առթիվ, սակայն պարզվեց, որ բնավ էլ թյուրըմբռնում չէր եղել, այն մի շարք երկրներում ճանաչում ունեցող անվանի երաժիշտը պարզապես ի հայտ էր բերել չկամություն և անհանդուրժողություն՝ հավանաբար այն պատճառով, որ իր թիմում հանդես եկող երգչուհին շատ ավելի «փայլում» էր ռեստորանային որակներով՝ խառնելով կոլորիտային-ոճական առանձնահատկությունները պարզապես պրոֆեսիոնալ արվեստի ոչ հատուկ «մաներաներով»: Շատերն էին խոսում, թե Արտոյի սանուհու հաղթանակը կանխորոշված է, թե ամեն ինչ արվել է, որպեսզի հենց այդ երգչուհին կանգնի հաղթողի պատվանդանին: Ինքը՝ երգչուհի Գայանան էլ էր համոզված դա պնդում՝ չընդունելով որևէ մրցակցություն: Եզրափակիչ համերգի օրը Ֆեյսբուքում շատ օգտատերեր աղմուկ բարձրացրին, որ իրենց քվեարկությունը՝ հօգուտ Մերի Մնջոյանի, չի արձանագրվում, որ պատասխաններ չեն ստացվում: Միայն աղմուկից ու բողոքից հետո սկսեցին գրանցվել Մերիին տրվող SMS քվեարկությունները… Անկախ այս ամենից՝ Մերին դարձավ հաղթող: Սրան հաջորդեց Թունջբոյաջյանի բավական թունոտ ու նշանավոր արվեստագետին ոչ վայել գնահատականը. «Մերին հետագայում երգելու է «Բելաջիո» ռեստորանում»: Հավանաբար, այսպես Արտոն կամենում էր հավասարության նշան դնել տաղանդավոր երգչուհու և իսկապես ռեստորանում երգող իր սանուհու միջև… Մերի Մնջոյանն, իհարկե, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Ժամանակը ցույց կտա, թե ով որտեղ կերգի»: Նա այլ մեկնաբանություններ չտվեց՝ չկամենալով որևէ կերպ մեկնաբանել նշանավոր երաժշտի մաղձով լի խոսքը. դաստիարակությունը թույլ չտվեց… Մենք լավ ենք ճանաչում այս տաղանդավոր աղջկան, հետևել ենք նրա ելույթներին մանկության վաղ տարիներից, լսել ենք բազմաթիվ կարծիքներ նրա մասին ու մշտապես համոզվել ենք, որ Մաշա-Մերին իսկապես բնությունից ահռելի հզորությամբ ձայնով օժտված անհատականություն է, ով կարող է մեծ ձեռքբերումներ արձանագրել երգարվեստում: Մնում է միայն զարմանալ, որ աշխարհահռչակ երաժիշտն էլ կարող է լինել չար ու անհանդուրժող, փորձել ջարդել ու ավերել երիտասարդների ոգևորությունը, տալ ոչ օբյեկտիվ գնահատականներ: Որտեղի՞ց Արտոյին այս չարությունը, երբ ինքը հասել է փառքի գագաթնակետին… Հավանաբար, նա ոմանց խոստումներ էր տվել, որ անպայմանորեն հաղթելու էր իր սանուհին, ու հիմա նրա պարտությունը մշուշել է Արտոյի գիտակցությունը…
Ինչևէ: Մրցույթն ավարտվեց: Հաղթողի պատվանդանին կանգնեց ամենատաղանդավորը, իսկ այս մրցույթում ամենից շատ շահեց երիտասարդ երգիչ Նարեկ Մակարյանը, ով ամուսնության առաջարկ ստացավ իր մարզչից՝ երգչուհի Սոֆի Մխեյանից… Ճիշտ է, նրանց միջև տարիքային տարբերությունը մեծ է, սակայն համոզված է, որ սերը տարիք չի հարցնում…»։