Բաժիններ՝

Հայաստանում կկառուցվի մարդասիրական արձագանքման կենտրոն

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելեցին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի մոտ գտնվող 17.5 հա մակերեսով տարածքը ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. հատկացվել է ՀՀ ԱԻ նախարարությանը։

Այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ տարածքին, քննարկել այնտեղ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն հիմնելու հնարավորությունները։

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:

Նշված տարածքը նախկինում պատկանել է «Ռադիո» ՓԲԸ-ին։ Տարածքում կա տարբեր նշանակության 17 շենք-շինություն (պահեստներ, ավտոկայանատեղի, գրասենյակային ու տնտեսական շինություններ, արհեստանոցներ, տաղավարներ, էլեկտրական ենթակայան և այլն)։

ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանը և ԱԻ նախարար Ա. Երիցյանը, լրատվամիջոցների ուղեկցությամբ, իջան նույն տարածքում տեղակայված ստորգետնյա կառավարման կետ, որը նախատեսված է ճգնաժամային իրավիճակներում կառավարման համար։

Կառավարման կետն ապահովված է ինքնավար օդափոխության, էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերով, որի շնորհիվ այնտեղից հնարավոր է ճգնաժամային իրավիճակում տևական ժամանակ իրականացնել արձագանքման գործողությունների կառավարումը:

ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանն իր խոսքում ընդգծեց մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման նշանակությունը Կովկասի տարածաշրջանի համար.

-Ուզում եմ նշել, որ այս տարածքը, որը նախատեսված հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ստեղծման համար, պետք է դառնա հզոր ենթակառուցվածք ԱԻ ոլորտում: ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի պլանն արդեն մշակված է և հաստատված է համագործակցություն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Կենտրոնը շատ կարևոր դեր է կատարելու և ունենալու է տարածաշրջանային նշանակություն: Հավելեմ նաև, որ շուտով ԱԻ նախարարության ենթակայությանն է հանձնվելու Ստեփանավանի օդանավակայանը, ինչը ևս մեծ խթան կհանդիսանա արագ արձագանքման գործընթացի որակապես հզորացման գործում: Այսպիսով` մենք մեծ քայլերով առաջ ենք գնում՝ որպես փրկարարական օգնություն արտահանող երկիր:

Նախարար Ա. Երիցյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ սարքավորումներով է հագեցած լինելու կենտրոնը և երբ է հանձնվելու շահագործման, ասաց.

– Այդ կենտրոնը դառնալու է ԱԻ նախարարության կառույցերից մեկը: Մեր ռուս գործընկերների հետ մենք բացում ենք տարածաշրջանում եզակի մի կենտրոն, որը հագեցած է լինելու նորագույն տեխնիկայով, ինչպես նաև աշխատանքային և կենսաապահովման բոլոր պայմաններով: Մենք այստեղ կկառուցենք մի քանի հարկանի վարչական շենք, կենտրոնում կլինի փրկարարական ջոկատ` հանդերձավորված արագ արձագանքման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով և մարդասիրական օգնության պահեստներ: Այստեղ տեղակայված է լինելու նաև ՌԴ ԱԻՆ բազան: Կառույցի գլխավոր նպատակն է հզորացնել արագ արձագանքման և մյուս երկրներին օգնություն հասցնելու համակարգը: Այս տարվա հուլիսին մեր ռուս գործընկերները կայցելեն Հայաստան և, ըստ երևույթին, նոյեմբեր ամսին կենտրոնը կսկսի իր գործունեությունը:

Մարդասիրական արձագանքման կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս