«Հացադուլից դուրս գալը շատ կօգնի». Էդուարդ Շարմազանով
Երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կիրակի՝ Սուրբ Զատկի պատարագից հետո դադարեցնելու է հացադուլը:
Այս առնչությամբ 168.am-ը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե հացադուլից դուրս գալու` Ր. Հովհաննիսյանի որոշումը քաղաքական իրավիճակ կփոխի՞: Այս հարցին ի պատասխան Էդ. Շարմազանովը նշեց. «Նախ, ամեն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանին ու բոլոր հայ առաքելականներին` Սբ. Զատիկին ընդառաջ` Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի… Բոլորը թող Զատկին ընդառաջ ավելի բարի նպատակներով իրականացնեն նաև քաղաքական պայքարը: Հացադուլից դուրս գալը շատ կօգնի, որովհետև մի բան է, երբ մարդը հացադուլի մեջ է իրականացնում քաղաքական պայքար, մեկ այլ բան, երբ դուրս է գալիս հացադուլից: Քաղաքական շահերն ու պետության շահերն են պահանջում, որ Հայաստանը առաջնորդվի իրատեսական քաղաքական օրակարգով ու երխկոսությամբ»:
Է. Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հանրապետական կուսակցությունը առարկայական երկխոսության կողմնակից է ու պատրաստ է ցանկացած քաղաքական օրակարգը նստել ու քննարկել:
Հարցին, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի դադարեցման որոշմամբ ընդառաջ չի՞ գնում Սերժ Սարգսյանին՝ հնարավոր հանդիպման վայրը փոխելու համար, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես շատ բան եմ կարծում, բայց ամեն ինչ չէ, որ բարձրաձայն հայտարարում եմ: Ես հնչեցնում եմ այն տեսակետները, որոնցում համոզված եմ: Ձեր հարցը, կարծում եմ, պետք է ուղղեք Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա գործընկերներին: Նախագահը հստակ ասել է, որ ունի լսելու կարողություն, և թեկուզ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մեծ մասը հակասում են գործող Սահմանադությանը, այնուամենայնվ, կան կետեր, որոնց շուրջ կարելի է լուրջ երկխոսություն ձևավորել՝ հանուն ՀՀ շահի, հանուն քաղաքական նոր մշակույթի ձևավորման: Հիմա գնդակը գտնվում է Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում. նա պետք է կառուցողական քայլեր ձեռնարկի»:
Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե. «Տոնից հետո իմ համեստ ծոմը ավարտելու եմ: Առանց ընդմիջման, չակերտյալ կազդուրման, ձեզ հետ, Հայաստանի բոլոր քաղաքացիների, հայերի ու ազգային փոքրամասնությունների, Արցախի ու Սփյուռքի հետ պատրաստվելու ենք ապրիլ 9-ին»: