Բաժիններ՝

Իրենց աշխատանքից չազատելը կնշանակեր, որ ես ռեկտոր չեմ

Վերջին օրերին Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կադրային կրճատումներ են տեղի ունենում: Արդեն աշխատանքից ազատվել են բուհական կառույցի 4  պրոֆեսիոնալ մանագետներ՝ օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սահականուշ Գրիգորյանը, դասախոսներ Սիլվա Գրիգորյանն ու Անահիտ Միրիջանյանը, ինչպես նաեւ՝ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Սուքիասյանը: Մեր լրագրողը զրուցել է բուհի ռեկտոր Վարդեվան Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ է տեղի ունենում հաստատությունում: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

-Պարոն Գրիգորյան, փաստորեն, կադրային կրճատումներ են տեղի ունենում բուհում, նախ աշխատանքից ազատվել է օտար լեզուների ֆակուլտետի դեկանը, ապա՝ ֆակուլտետի դասախոսներ, ի՞նչ պատճառով:

-Ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողին, ով Հայաստանում չի եղել, վերցրել բարձր գնահատականներ են նշանակել, ֆակուլտետի դեկանն էլ՝ Սահականուշ Գրիգորյանը, ստորագրել: Հիմա ինքն էլ դեկանն է, ստորագրել է, այսինքն՝ ո՞վ պետք է պատասխան տար:

-Եւ դուք որոշել եք դեկանին հեռացնե՞լ աշխատանքից:

-Ես իրեն աշխատանքից չեմ ազատել, ես իրեն դեկանի պաշտոնից եմ ազատել եւ թողել ենք որպես դասախոս, ինքը չի ուզեցել որպես դասախոս, երկրորդ դիմում է գրել: Ասում է՝ քանի որ ռեկտորը չի գնահատում իմ աշխատանքը, դուրս եմ գալիս: Բայց ամենակոպիտ խախտումն է եղել, նույն խախտումը եղել է մի ամիս ու կես առաջ մանկավարժական ֆակուլտետում, էլի դրել բոլորին հեռացրել եմ:

-Իսկ ի՞նչ պատճառով են աշխատանքից ազատվել նաեւ ֆակուլտետի մյուս երեք աշխատակիցները:

-Իր ընկերուհիները՝ ի պաշտպանություն իրեն, վերջնագրի լեզվով խոսեցին, ասին՝ կամ հետ բերեք իրեն, կամ մենք էլ կազատվենք, հետ բերել նշանակում է, որ ռեկտորը պիտի ազատվի աշխատանքից, ի՞նչ անեի՝ ծաղկեփնջերով գնայի, որ գային աշխատանքի՞: Ռեկտորատի նիստերին ես բացատրել եմ դեկաններին՝ Հայաստանում չգտնվող ուսանողներին ասում եմ մեռած հոգիներ: 100 անգամ ասել եմ, եթե ուսանողը դուրս է գալիս՝ գրեք, որ դուրս է գալիս, եթե էդ ընթացքում դուրս է եկել, բացակայում է ու գնահատական են նշանակել, դա նշանակում է, որ պահում ես ուսանողին, ուսանողն էլ Սուքիասյան Մարտինի աղջիկն է, մայրը ռուս գրականության ամբիոնի վարիչն է, նրան էլ եմ ազատել, որովհետեւ երկու գնահատական էլ ինքն էր դրել:

-Իսկ հիմա կադրերի խնդիր բուհը չունի՞, քանի որ լավ մասնագետներ եք, փաստորեն, կորցրել:

-Չէ՛, չունի, էն դասախոսները, որոնք ֆիզարձակուրդում էին, իրենց կանչել ենք, եկել են: Նորմալ, բնականոն հունով աշխատանքը գնում է:

-Իսկ օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար նշանակվե՞լ է:

-Այո՛: Մելքոնյան Հովիկը դեկանի պաշտոնակատար է նշանակվել:

ԳԱԼԱ TV

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս