«Ես այնտեղի անվտանգության աշխատակիցն եմ, ես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը չեմ»
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում հարցաքննվեց նաև գործով մեղադրյալ Արման Խաչատրյանը։ Վերջինիս պաշտպան Ավագ Լալայանն ասաց, որ իր պաշտպանյալը ցանկանում է ցուցմունքներ տալ, սակայն կաշկանդվում է տեսախցիկների առաջ խոսել։ Նա միջնորդեց, որ իր պաշտպանյալի հարցաքննությունը չտեսանկարահանվի։ Դատավոր Դ. Հարությունյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը։ Ամբաստանյալը պատմեց, որ դեպքի օրը, ժամը 21։40-ի սահմաններում դուրս է եկել ռեստորանային համալիրից և մոտ կես ժամ անց վերադարձել է այնտեղ։ Երբ հասել է ռեստորանի տարածք, տեսել է հրմշտոց: Ամբաստանյալը պատմեց, որ ինքը Վահե Ավետյանին տեսել է կռացած վիճակում։ Տուժողները, ըստ մեղադրյալի՝ փորձել են հարցեր պարզաբանել, իսկ ռեստորանի անվտանգության աշխատակից Նորայր Հայրապետյանը և Դավիթ Մարգարյանը փորձել են հանգստացնել իրավիճակը։ Մեղադրյալ Հայրապետյանն առաջարկել է մեկ ուրիշ օր հանդիպել, սակայն տուժող Արտակ Բայադյանը չի համաձայնել և առաջարկել է մեկ այլ վայրում շարունակել խոսակցությունը։ Ավտոկայանատեղի հասնելուց հետո Արման Խաչատրյանը սկսել է խոսել գործով տուժող Էդգար Նիկոյանի հետ։ «Ես սկսել եմ Էդգար Նիկոյանի հետ խոսել, ու պահի տակ վեճ է սկսվել, որը տևել է շատ կարճ, մոտավորապես 25-30 վայրկյան, ավելի չի տևել։ Հաստատ շատ արագ է կատարվել՝ ինչ կատարվել է։ Անգամ չեմ էլ հասկացել, ոչ էլ կողմնորոշվել եմ։ Իմ նման, իմ պես Էդգար Նիկոյանը կանգնած է եղել, ոչ մի բանի չի միջամտել»։ Մեղադրյալ Արման Խաչատրյանը հավաստիացրեց, որ Էդգար Նիկոյանին ոչ ոք չի հարվածել։ Կարճ վիճաբանությունից հետո «Մերսեդես» մակնիշի մեքենայով հեռացել են։ Ամբաստանյալը նշեց նաև, որ նախաքննության ընթացքում քննիչի հարցին պատասխանել է, որ ինքը Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցն է։ «Ես այդ հարցին պատասխանել եմ՝ ըստ իմ տրամաբանության, իսկ ըստ իմ տրամաբանության՝ եթե ռեստորանը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, ես էլ այնտեղի անվտանգության աշխատակիցն եմ, ես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը չեմ»։ Մեղադրյալը նաև նշեց, որ ինքը վիճաբանությանը չի մասնակցել և ոչ մեկի չի հարվածել։ Մեղադրյալը դատարանում նաև հայտարարեց, որ օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվում է պատասխանել դատավարության կողմերի հարցերին։ Մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդեց հրապարակել Արման Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները, նշելով, որ դատաքննության և նախաքննության ընթացքում մեղադրյալի տված ցուցմունքներում առկա են որոշակի հակասություններ։ Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը։ Ամբաստանյալ Արման Խաչատրյանը հայտարարեց, որ իր ցուցմունքներում հակասություններ չկան, պարզապես նախաքննության ընթացքում ինքն իրադարձությունները ընդհանրացված է ներկայացրել, իսկ դատաքննության ընթացքում դեպքերն ավելի է մանրամասնել։ Իր պաշտպանյալի հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ հետաքննության ընթացքում իր տված ցուցմունքները հավաստի են։