Ովքեր են ղեկավարելու ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի շտաբները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում կղեկավարի Աբրահամ Մանուկյանը, ով ԲՀԿ-ի ցուցակի երրորդ համարն է զբաղեցնում: 168.am-ին կուսակցության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ արդեն կա ձևավորված 160 նախընտրական շտաբ, սակայն սա դեռ վերջնական պատկերը չէ, քանի որ գործընթացը շարունակվում է: Կուսակցության կարգախոսներն առայժմ երկուսն են ՝«Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք», քարոզարշավի ընթացքում կարող են ի հայտ գալ նոր կարգախոսներ:
Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Աղվան Վարդանյանը: 168.am-ի հետ զրույցում ցուցակի եռյակը եզրափակող, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը դժվարացավ նշել նախընտրական շտաբների թիվը, սակայն նշեց, որ Երևանի վարչական շրջանների ՀՅԴ տարածքային կառույցները կվերածվեն նախընտրական շտաբների, իսկ անհրաժեշտության դեպքում կբացվեն նորերը: ՀՅԴ-ն մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է «Երևան՝ փոխիր Հայաստանը» կարգախոսով:
Ի տարբերություն ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ՝Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Օրինաց Երկիր» կուսակցությունը շտաբի պետ նշանակել են այնպիսի մարդկանց, ովքեր ընդգրկված չեն կուսակցության համամասնական ցուցակում: Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է, իսկ ՕԵԿ-ինը՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:
«Բարև, Երևան» նախընտրական դաշինքի նախընտրական շտաբն էլ կղեկավարի արդեն նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Դաշինքը գլխավորող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ին հայտնեց, որ առայժմ միայն շտաբի պետն է հայտնի, իսկ նախընտրական քարոզչության հետ կապված մյուս հարցերն ընթացքի մեջ են գտնվում: Նկատենք, որ 2013թ.-ի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շտաբի պետ չուներ:
Նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը ևս չի պատրաստվում ունենալ նախընտրական շտաբի պետ: Կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը, ով ցուցակի երկրորդ համարն էր, 168.am-ին ասաց, որ մեծաքանակ նախընտրական շտաբներ դժվար թե ունենան, իսկ շտաբի պետի անհրաժեշտությունը չեն տեսնում: Նախընտրական կարգախոսները կհստակեցնեն քարոզչության ժամանակ:
Եվս մեկ նորաստեղծ կուսակցություն՝ «Հայ ազգային կոնգրեսը», չի հրապարակել ո՛չ նախընտրական շտաբի պետի անունը, ո՛չ էլ նախընտրական կարգախոսները: Կուսակցության ցուցակի եռյակը եզրափակող Արման Մուսինյանը 168.am-ին փոխանցեց միայն, որ կօգտագործեն նախկինում ձևավորված նախընտրական շտաբները, և դրանց կավելանան նորերը: Իսկ ինչ վերաբերում է շտաբի պետին և կարգախոսներին, ապա այս առումով Արման Մուսինյանն առայժմ ասելու ոչինչ չուներ: