Որքան շատ ոչխար բուծենք, այնքան շատ կարտահանենք Իրան
Այսօր ասուլիսում նման կարծիք արտահայտեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: «Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ հնարավոր է ձվի գնի որոշակի աճ, սակայն դա պայմանավորված չէ արտադրված ձվի քանակի քչությամբ»,- անդրադառնալով ձվի շուկայում հնարավոր թանկացումներին՝ ասաց նա: «Վերջին երկու տարիների ընթացքում տեղական ձվի շուկայում մենք առանձին խնդիրներ չենք ունեցել: Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ընկերությունների կողմից ձվի գնի աճ չկա, սակայն հնարավոր է իրացնող կազմակերպությունների կողմից գնի փոքր-ինչ աճ գրանցվի»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Անդրադառնալով վերջին շրջանում հաճախ շահարկվող ոչխարի գլխաքանակի հնարավոր ավելացմանը, և հարցին, թե արդյո՞ք գլխաքանակի ավելացմամբ Սյունիքի մարզում բնապահպանական խնդիրներ չե՞ն առաջանա, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց. «Սյունիքում կա 120.000 հա արոտավայր, որից շահագործվում է միայն 30-32000 հա հողատարածքը: Ուստի, հնարավոր է կրկնակի ավելացնել ոչխարի գլխաքանակը` առանց բնապահպանական խնդրիներ առաջացնելու: Այդ պարագայում կկարողանանք ավելի շատ միս արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն: Մենք հնարավորություն ունենք ոչխարի գլխաքանակն ավելացնել շուրջ 2.5 անգամ»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը: