Րաֆֆի Հովհաննիսյանին փորձում են «փչացնել» փչացածները
ՀԱԿ ղեկավարության և շարքային անդամների միջև եղած գաղափարական խզումը գնալով մեծանում է: ՀԱԿ ակտիվիստները, որ ընդամենը մեկ տարի առաջ մասնակցում էին ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող հանրահավաքներին, հիմա մասնակցում են Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցառումներին: Նրանք ոչ միայն գնում են Ազատության հրապարակ, այլև նույնը պահանջում են ՀԱԿ ղեկավարներից:
ՀԱԿ ակտիվիստ կանայք զանգահարում են ՀԱԿ անդամ պատգամավորներին և նրանցից պահանջում են լինել հրապարակում, ընդդիմության կողքին, որպեսզի համատեղ պայքարեն իշխանությունների դեմ: Եվ ի՞նչ են պատասխանում նրանց ՀԱԿ էլիտայի ներկայացուցիչները:
Իրենց հրապարակ չգնալը նրանք արդարացնում են նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անկեղծ չէ իր պայքարում, նա պայքարի իմիտացիա է ստեղծում՝ շատ հարցերում պայմանավորված լինելով Սերժ Սարգսյանի հետ: Որ նա չի ուզում իշխանափոխություն իրականացնել, այլ ընդամենը պաշտոնակռիվ է անում, փորձում է իշխանությունից հնարավորինս շատ պաշտոններ պոկել: Այնպես որ, եթե իրենք գնան հրապարակ, ապա ակամա մասնակից կլինեն այդ խաղին և իրենք էլ «կփչանան»: Հենց այդ հիմնավորումներով՝ խորհուրդ են տալիս, որ ՀԱԿ ակտիվիստներն էլ չգնան հրապարակ և իրենց ներկայությամբ չօգնեն իշխանության ծրագրերի իրականացմանը:
ՀԱԿ ակտիվիստները պնդում են, որ եթե ՀԱԿ ղեկավարներն ունենալով հսկայական փորձ և հմտություններ՝ գան հրապարակ, լինեն հարթակում, ապա կկարողանան օգնել, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը խուսափի սխալներ գործելուց: Նրանք պնդում են, որ իշխանություններին ավելի ձեռնտու է ընդդիմության ներկայիս պառակտված վիճակը, և ոչ թե միավորումը, և եթե ընդդիմությունը միավորվի, ապա իշխանության համար շատ դժվար կլինի հաղթել միավորված ընդդիմությանը: Բայց այս հիմնավորումները ևս ունեն իրենց արժանի պատասխանը. ընտրություններին մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանը, նա է նախագահի թեկնածուն, նա էլ պետք է որոշումներ կայացնի: ՀԱԿ-ի ղեկավարները չեն կարող նրա փոխարեն իրենց վրա վերցնել պատասխանատվությունը:
Անձամբ եմ լսել, թե այդ կանանցից մեկն ինչ ոգևորությամբ և համառությամբ էր փորձում համոզել ՀԱԿ անդամին՝ մի կողմ դնել բոլոր այդ պայմանականություններն ու պատճառաբանությունները և գալ հրապարակ, լինել ժողովրդի հետ: Մոտ կես ժամ տևած խոսակցությունից հասկանալի էր միայն մի բան, որ ՀԱԿ-ում տհաճությամբ են վերաբերվում նման խոսակցություններին և որևէ ցանկություն չունեն լինել հրապարակում, և խորհուրդ էին տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին մենակ թողնել, որ նա բանակցի իշխանությունների հետ:
Ի՞նչն է հետաքրքիր. Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր իշխանությունների հետ բանակցելու և իշխանության հետ համագործակցելու մեջ մեղադրում են այն ուժերը, որոնք ընդամենը մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ իշխանություն էին կիսում և օգտվում նրա կողմից շպրտած փշրանքներից, կամ նրանք, ովքեր հնարավորություն չունենալով բանակցել Սերժ Սարգսյանի հետ, բավականություն էին ստանում նրա ներկայացուցիչների հետ բանակցելուց՝ դա ներկայացնելով որպես խոշոր ձեռքբերում:
Րաֆֆի Հովհանիսյանին քննադատում են քաղաքական այն ուժերի ներկայացուցիչները, որոնց ղեկավարները տարրական համարձակություն չունեցան առաջադրվել նախագահական ընտրություններում՝ վախենալով, որ առաջադրվելու արդյունքում կարող են արժանանալ Սերժ Սարգսյանի զայրույթին և կորցնել իրենց «տարիների վաստակը», կամ վախեցան Րաֆֆի Հովհաննիսյանից մի քանի անգամ պակաս ձայն ստանալ և այն աստիճան խայտառակվել, որ ամաչեն տանից դուրս գալ:
Հիմա նրանք փորձում են «փչացնել» Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ, երբ բոլորը փչացած են, կարելի է չամաչել փչացած լինելու համար: