Ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն վախեցնի «Առաքելությանը»
Ընդամենը ամիսներ առաջ՝ 2012թ. նոյեմբերին ստեղծված «Առաքելություն» կուսակցությունը երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության համար անհրաժեշտ 3 մլն դրամի ընտրագրավի վճարման անդորրագիրը: Այս մասին 168.am-ին ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մարտի 27-ի արտահերթ նիստի որոշմամբ՝ 48 ժամ էր տվել Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրված «Առաքելություն» կուսակցությանը` 3 մլն դրամի չափով ընտրական գրավի անդորրագիրը ներկայացնելու համար:
Այն հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ կուսակցությունը թերի փաստաթղթեր էր ներկայացրել ԿԸՀ, Մանուկ Սուքիասյանը պատասխանեց, թե ցուցակում ընդգրկված մարդկանց նկատմամբ վերջին օրերին ճնշումներ էին նկատվում և իրենք առաջնահերթ այդ հարցերով էին զբաղված:
«Մարդկանց կանչում են, զրուցում, թե՝ ի՞նչ հետաքրքրություն ունեք քաղաքականության նկատմամբ, ի՞նչն է ձեզ ստիպել մտնել այդ ցուցակ, այդ կարգի խոսակցություններ: Բացահայտ կոպտության մասին խոսք չկա, բայց հոգեբանորեն վերահսկելիության տիրույթում են պահում մարդկանց»,- ասաց Մանուկ Սուքիասյանը: Չտալով անուններ` Մանուկ Սուքիասյանը ասաց, թե «զրույցի» հրավիրողների մեծ մասը Հայաստանի հանրապետական կուսակցությունից են (ՀՀԿ), սակայն ասաց, թե խոսքը մեզ հայտնի ՀՀԿ-ականների մասին չէ, այլ` տեղական կառույցների ներկայացուցիչների: Նա ասաց, թե այդ գործընթացը սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ ցուցակի անդամները Ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչություն դիմում են ներկայացրել բնակության տեղեկանք ստանալու համար: Նրա խոսքերով, թեև օրենքը չի նախատեսում նման բան, սակայն վարչությունից հետաքրքրվում են, թե ո՞ր կուսակցության ցուցակում են ընդգրկվելու, և տեղեկատվության արտահոսքը հենց այդ կառույցից էլ լինում է: «Առաքելության» ներկայացուցիչը պնդեց, որ մոտ 7-8 հոգու հետ այդպիսի միջադեպեր եղել են: Մանուկ Սուքիասյանը նշեց, թե կոնկրետ իր հետ նման զրույց չի եղել, քանի որ իր քաղաքական հայացքների մասին արդեն գիտեն: Հիշեցնենք, որ Մանուկ Սուքիասյանն «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման անդամ էր, և «Առաքելություն» կուսակցության ստեղծումը մամուլում հաճախ կապվում է «Այլընտրանքի» հիմնադիր Նիկոլ Փաշինյանի անվան հետ:
Լուսանկարը՝ Panarmenian.net-ի