
Ինչպես դառնալ միլիոնատեր. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդից 20 միլիոն 500 հազար դրամ հատկացնել Պարույր Հայրիկյանին բուժումը արտերկրում շարունակելու համար: Հայրիկյանը հրազենային վնասվածք էր ստացել այս տարվա հունվարի 31-ին՝ իր դեմ կատարված մահափորձի ժամանակ:
Կառավարության այս որոշումը մեծ և հիմնականում խիստ բացասական արձագանք է գտել սոցցանցերում: Մարդիկ տեղադրում են բազմաթիվ երեխաների լուսանկարներ, որոնց կյանքը կախված է արտերկրում վիրահատվելուց և դա դիտարկում կառավարության վերը նշված որոշման ֆոնին: Բայց սա հարցի միայն մի կողմն է: Իսկ ինչպե՞ս է կառավարությունը հիմնավորել հարկատուների հաշվին Հայրիկյանի արտերկրյա բուժումը ֆինանսավորելու որոշումը:
Հիմնավորել է այսպես. «Պ. Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երևանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20.500.0 հազ. դրամով»: Սա աննախադեպ հիմնավորում է: Կառավարությունը իր պահուստային ֆոնդից ցանկացած նպատակով գումար հատկացնելու համար հազար ու մի փաստաթուղթ է պահանջում, որոնցում ցույց են տրվում մինչև վերջին լուման ծախսելու հիմնավորումները: «Նախնական հաշվարկներ» բառակապակցությունը նման դեպքերում չի օգտագործվում:
Երեկ Հայրիկյանին բուժող բժշկի հետ զրույցից պարզվել է, որ առայժմ հայտնի չէ նույնիսկ՝ Հայրիկյանին վիրահատելու են, թե այլ կերպ են բուժելու: Ու այդ ֆոնին կառավարությունը արդեն 50 հազար դոլար է հատկացրել: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը գտնելու համար թերևս պետք է կրկին ուսումնասիրել, թե ինչու մահափորձից հետո Հայրիկյանը ունենալով իրավունք, հնարավորություն, սկզբում նաև ցանկություն, այդուհանդերձ քայլ չձեռնարկեց ընտրությունները հետաձգելու համար: Միայն հետագայում պարզվեց, որ այդ հետաձգումը կարող էր ճակատագրական լինել Սերժ Սարգսյանի համար»: