Հմայակ Հովհաննիսյանը մտադիր է դիմել Եվրադատարան. ՀՔՄ հայտարարությունը
ՀՀ Քաղաքագետների միության (ՀՔՄ) նախագահ Հմայակ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՔՄ մամլո քարտուղարության հաղորդագրությունը, որում նշված է.
Մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը` Ի. Վարդանյանի նախագահությամբ, դատավորներ Ա. Մկրտչյանի և Ն.Բարսեղյանի մասնակցությամբ, քննարկեց թիվ ԵԿԴ/1068/02/12 քաղաքացիական գործով ըստ հայցի Օֆելյա Ղարիբյանի, Ռիմա Մանթաշյանի, Հասմիկ Ֆալաջյանի, Սիլվա Հովսեփյանի, Վարդանուշ Կոստանյանի ընդդեմ Հմայակ Հովհաննիսյանի հրապարակայնորեն ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.11.2012 թվականի վճռի դեմ Հմայակ Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը: Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս հարցը պետք է դիտել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում իր և Հայաստանի քաղաքագետների միության դեմ ՀՀ գերագույն իշխանության անմիջական հրահանգով սանձազերծված ոտնձգությունների համատեքստում: Այդ հալածանքների շրջանակներում 2012 թ. ապրիլի 21-ին փորձ արվեց խոչընդոտել պատգամավորության թեկնածուի մուտքը իր օրինական սեփականությունը հանդիսացող գրասենյակ, որտեղ տեղակայվում էր ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը:
Հայհիդրոնախագիծ ՖԲԸ սեփականատեր Սենիկ Ջուլակյանի կազմակերպած սադրանքի արդյունքում Հմայակ Հովհաննիսյանի դեմ թխվեցին քրեական մեղադրանքով մեկ և քաղաքացիկան հայցերով երկու գործեր: Պատգամավորության թեկնածուի կողմից նախազգուշացումն առ այն, որ նրանք, ովքեր խոչընդոտում են իր մուտքը գրասենյակ «նմանվում են Լֆիկ Սամոյի ծախու կանանց, ովքեր երկու օր դրանից առաջ նույն մեթոդներով փորձել են խոչընդոտել մեկ այլ պատգամավորության թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը», միանգամայն իրավաչափ էր ստեղծված իրավիճակին և չի կարող դիտվել որպես վիրավորանք: Դա գնահատողական զուգահեռ էր (օգտագործվել է «նմանվում եք» բառը) և միաժամանակ արձանագրվել է, որ այդ կանայք մեղավոր չեն, այլ սադրանքը կազմակերպած նրանց գործատուն ՝ Սենիկ Ջուլհակյանն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար:
Ապրիլի 11-ին ժամը 11:20 վերաքքնիչ դատարանը կհրապարակի իր վճիռը: Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ սպառելով ՀՀ բոլոր դատական ատյանները` մտադիր է դիմել Եվրադատարան: Հմայակ Հովհաննիսյանը կրկնեց, որ այս շինծու գործերն իրեն ժողովրդի ընտրյալի կարգավիճակից զրկելու նպատակը էին հետպնդում, ինչը և արվեց Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումով»: