«Դիրքային պայքար է ընթանում»
Ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև նամակագրական «կապը»: Ս. Սարգսյանի նամակն արդյո՞ք երկխոսության հիմնաքար չէր:
– Նախ` երկխոսություն սկսելու համար պետք է հասկանանք, թե ո՞վ՝ ի՞նչ նպատակներ է հետապնդում: Ըստ էության, այն նպատակը, որ հետապնդում է Րաֆֆի Հովհաննիսյանն իր նամակում, արտահայտված էր 2 հիմնական կետերով: Ի՞նչ է հետապնդում Սերժ Սարգսյանն իր պատասխան-նամակում: Առաջին հերթին հասկանալի է, որ իրեն` որպես նախագահ ճանաչելու խնդիրն է իր նպատակը, և ճանաչել այն սուբյեկտի կողմից, որը խնդիրներ է հարուցում այս պահին: Ըստ էության, ժողովրդի ստվար մի զանգվածը, որ չի ընդունում ընտրության արդյունքները, մեծամասնություն է կազմում: Որպես այդ ձայների իրավատեր` այս պահին հանդես է գալիս Րաֆֆի Հովհաննիսյանը: Սերժ Սարգսյանի նպատակն է` հասնել նրան, որպեսզի արանքից դուրս գա Հովհաննիսյանի կողմից իրեն հանրապետության նախագահ չընդունելու խնդիրը: Դրա համար իշխող վարչախումբը որոշակի ճանապարհ տեսել է այդ նամակում: Խոսքը երկրորդ` առաջարկությունների այն փաթեթի մասին է, որտեղ, ըստ էության, իրենք մեկնաբանում են, որ ճանաչվում է Սերժ Սարգսյանի լեգիտմությունը ՀՀ նախագահի պաշտոնում: Իսկ մնացածը, թե ինչե՞ր կարելի է պայմանավորվել, արդեն այնքանով է հետաքրքրում Սերժ Սարգսյանին, որքանով սպառնում է նրա իշխանությանը: Ընթանում է դիրքային պայքար, ամեն մեկը փորձում է իրականություն դարձնել իր նպատակը:
– Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը երկխոսության նպատակ չի հետապնդում:
– Իրականում Սերժ Սարգսյանը երկխոսության նպատակ հետապնդում է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի իրական քաղաքական գործընթացը երկխոսություն չէ: Մեկի հետապնդածը մյուսից տարբերվում է նրանով, որ մեկն օրակարգ է բերում` բանակցության, իսկ մյուսը` երկխոսության խնդիրը: Ի՞նչ տարբերություններ կան երկխոսության և բանակցության միջև: Բանակցությունը կոնկրետ խնդրի շուրջ ուլտիմատիվ օրակարգով խոսելն է: Երկխոսության ժամանակ մտքերի փոխանակությունը ընդհանուր տեսլական է, որի արդյունքում հնարավոր է` մտքերը չհամընկնեն: Պատահական չէ իմ բերած օրինակը, քանի որ դրա նախադեպերը եղել են 20-րդ դարում, ինչպես Լեհաստանի «Սոլիդարնոստ» շարժումը, երբ ընդդիմությունը նստեց բանակցությունների սեղանի շուրջ իշխող ռեժիմի` Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ, որտեղ որոշակի ուլտիմատում էր դրվել ռեժիմի առջև, իսկ բանակցությունների սեղանի շուրջ «ընդդիմության» կողմից նստածների հետևում կային տասնյակ, հարյուր-հազարավոր գործադուլավորներ: Գործիքը քաղաքացիական անհնազանդությունն է, որը ստիպում է ռեժիմին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանն իր անձով, իր անձնազոհությամբ քաղաքացիական անհնազանդությունը` որպես գործիք, վերցրել է հացադուլը, և դա է ճնշում գործադրում, որպեսզի ռեժիմը գա ու նստի բանակցությունների սեղանի շուրջ: Ր. Հովհաննիսյանի տեսակետից, թե ի՞նչ անուն կդրվի. միգուցե մեզ մոտ տերմինաբանությունն այդքան զարգացած չէ, և դրա անունը դրվի երկխոսությո՞ւն: Բայց քաղաքական կոնտեքստում հասկացվում է, որ ուլտիմատիվ պահանջներով բանակցությունների գնալու խնդիր է դրված: Ս. Սարգսյանի տեսանկյունից` դա երկխոսելու գործընթաց է: Իսկ երկխոսելը բավական տարբերվում է բանակցությունների սեղանի շուրջ դրված քաղաքական գործիքակազմից հենց այն հանգամանքով, որ նա չի ճանաչում «ուլտիմատում» երևույթը երկխոսելու ժամանակ, և ընդամենը մտքերի փոխանակում է տեսնում դրա մեջ, որը կարող է առոչինչ ավարտվել:
– Կարծիք կա, որ Ր. Հովհաննիսյանը որոշակի սակարկությունների է գնացել իր պահանջների համատեքստում: Եթե նա ներկայանում է` որպես ընտրված նախագահ, ապա ինչո՞ւ է պահանջում նախարարական պորտֆելներ:
– Քաղաքական որոշակի թեզեր շրջանառվում են քաղաքական գործընթացի ցանկացած հանգրվանի ու ցանկացած որոշման դեպքում, և քաղաքական թեզեր շրջանառողներն ունեն որոշակի շահագրգռություններ: Նկատելի է, որ կան քաղաքական ուժեր և հանրության շրջանի առանձին հատվածներ, որոնք շահագրգռված են, որպեսզի տարածվի այն թեզը, թե Ր. Հովհաննիսյանը գնում է որոշակի գործարքի: Այդ նպատակը կարող է լինել նեղ անձնական, հատվածական շահերը: Մենք գիտենք, որ ընդդիմության կազմում եղած առանձին քաղաքական ուժեր մշտապես փորձում են «սևացնել» դիմացինին, իրենց քաղաքական շահն առաջ մղել: Նման կարգի թեզերը պարարտ հող են գտնում, քանի որ լինում են այնպիսի կետեր, որոնք ձևական տրամաբանությամբ արդարացնում են իրենց թեզերը: Սակայն մի կողմ թողնենք, թե ստվերային բանակցությունների մասին ամեն մի խումբ, անհատ ի՞նչ շահեր է հետապնդում, փորձենք հասկանալ` իսկապես, դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Նախ` նամակում հստակ գրված է, որ պաշտոնների ցանկը պետք է տեսնել համախմբման մեջ, այսինքն` չի կարող լինել այնպես, որ եթե սա առաջարկես, մյուսներից կարելի է հրաժարվել, ընդ որում` Ր. Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին (հարցազրույցն արվել է մարտի 27-ին.- Մ.Մ.) կրկին անդրադարձել է այն մտքին, որ իր նամակը պետք է հասկանալ ամբողջի մեջ, պաշտոններն այն նվազագույնն են, որին պատրաստ է գնալ: Ինչո՞ւ սա գործարք չէգՈրովհետև, եթե կա այնպիսի ճանապարհ, որը երկրում ստեղծում է երկիշխանություն, չի կարող գործարք դառնալ: Այն տրամաբանությունը, որը հետապնդում է Ր. Հովհաննիսյանը, այդ նամակում ընկած է: Այն է` կամ պետք է հասնել առաջին խնդրի լուծմանը` նոր նախագահական ընտրություններին, կամ էական պաշտոնների միջոցով հաստատել երկիշխանություն: Այսինքն` մի բան է, որ երկիշխանություն կա երկրում, այլ բան է, երբ կա մեկի իշխանություն` Սերժ Սարգսյանի, որն ընդամենը մի քանի պորտֆելներ հանձնելով Ր. Հովհաննիսյանին` նրան կրնկի տակ է պահելու: Տարբերությունն այս 2 թեզերի միջև է, և որպես «գործարք» բնորոշումը նման արդյունքներով պետք է որոշվի:
– Ինքներդ ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում:
– Եկեք գուշակություններով չզբաղվենք: Շատ դժվար է ասել, թե ի՞նչ կլինի, որովհետև մենք գործ ունենք մարդկային հոգեբանության, մարդկային գիտակցության, ինչպես նաև` անհատական ու խմբային շահերի ներկայացման հետ: Ոչ ոք չի կարող ասել, թե տվյալ անձը, որ քաղաքացիական անհնազանդություն է ցուցաբերում, որքա՞ն կկարողանա դա ցուցաբերել, ի՞նչ հոգեվիճակով կշարունակի պայքարը, ի՞նչ գործոններ կազդեն իր վրա, որպեսզի այլ ճանապարհ ընտրի, և այլն: Ուրիշ բան, եթե հարցնեք, թե ո՞րը կարելի է դիտարկել ելքերից լավագույն տարբերակը: Նման իրավիճակում կա տասնամյակների խնդիր, երբ Հայաստանում ընտրական մեխանիզմները չեն գործում, և այդ խնդրին ի վերջո պետք է տրվի լուծում: Հիմա այդ խնդիրն է` ժողովուրդը կարո՞ղ է այնպիսի ճնշում գործադրել, որ երբևէ Հայաստանում ընտրական մեխանիզմները սկսեն գործել, և արդյո՞ք Ր. Հովհաննիսյանի ընտրած ճանապարհը կարող է լուծել այդ խնդիրը: Այլևս այդ խնդիրը բարձրացված է այսօր:
– Առաջին հանրահավաքի էներգետիկ ալիքը, կարծես, գնում է դեպի մարում: Երբեմն այդ ալիքը փորձում էին համեմատել 2008թ.-ի էներգետիկ ալիքի հետ: Մյուս կողմից, երկբևեռ իրավիճակ է ստեղծվել` շարժումը քննադատողներ և այդ քննադատողների քննադատողներ:
– Նկատում եմ, որ 2008թ. հանրահավաքային իրադրությունների և ներկայի միջև էներգետիկայի պակաս կա, բայց համաձայն չեմ Ձեզ հետ, որ այս պահին նկատվում է մարման գործընթաց: Այն զանգվածը, որ կար 10 օր առաջ, այսօր այդ նույն զանգվածը գալիս է հանրահավաքի, և այն գործիքը` Ր. Հովհաննիսյանի հացադուլը, որ հիմա կիրառվում է` շարունակում է շատ արդյունավետ ազդել ինչպես 10 օր առաջ, այնպես էլ հիմա: Իսկ ինչ վերաբերում է 2008թ. և այսօրվա իրավիճակի էներգետիկ ալիքի պակասին, ապա դրան առնչվող կան մի քանի հանգամանքներ` մի՞գուցե էական հանգամանք է Հայաստանից անընդհատ արտագաղթելը, որն, ըստ էության, տանում է պայքարող մարդուն, որովհետև առաջին հերթին` արտագաղթում է չհամակերպվողը, ինչն արդեն ընդվզման գործողություն է: Այդ տեսակետից 200.000 արտագաղթողների մի ստվար զանգվածը, որ բնակվում էր Երևանում, հաստատ կգար հանրահավաքներին: Մեկ այլ էական հանգամանք էլ նշեմ, որ 2008թ. ռեժիմի դեմ պայքարում էր ՀՀ նախկին նախագահը, որը ժողովրդի համախմբման և առաջադրված խնդիրներին հասնելու տեսակետից որոշակի մեծ լարում էր առաջացրել, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը շատ թելերով կապված էր այն ժամանակվա իշխող վարչախմբի շատ անդամների հետ, և ժողովրդի մի զանգվածն ավելի ռեալ էր տեսնում և հավատում, որ արդյունքի կհասնի: Դա էլ իրեն բերում էր հրապարակ: Այդ հանգամանքն արդեն չի աշխատում: Կան մարդիկ, որոնք իրենց անվտանգության խնդիրներից ելնելով` վտանգ են տեսնում և չեն գալիս հրապարակ: Սակայն ներկա գործընթացում քանի դեռ քաղաքական այդ գործիքը` հացադուլը, աշխատում է, այն իր վրա է բևեռելու հանրության ողջ ուշադրությունը: Ընդ որում, որքան Հովհաննիսյանի առողջական խնդիրներն ահագնանան, այնքան դա մոբիլիզացնող հանգամանք է դառնալու: Պետք է հաշվի առնել, որ մենք տեսնում ենք ռեժիմի արձագանքը հացադուլին, ամեն օր վարչախմբի ներկայացուցիչները մամուլի ասուլիսներին և այլ տեսքով անընդհատ փորձում են գտնել ճանապարհներ, որպեսզի համոզեն, հարկադրեն, ինչ-որ ձևով պարտադրեն, որ Ր. Հովհաննիսյանը դուրս գա հացադուլից: Դա քաղաքական լուրջ գործիք է, որն ազդում է իրենց վրա:
– Եթե Սերժ Սարգսյանը կատարի Ր. Հովհաննիսյանի պահանջները, նախարարական պորտֆելներ տրամադրի, չե՞ք կարծում, որ այդպիսով նա կհաստատի իր լեգիտիմությունը, ինչի բացակայության մասին այսօրվա շարժման թե՛ առաջնորդը, թե՛ համակիրները խոսում են: Այսինքն` մաս կազմել մի իշխանության, որին համարում ես ոչ լեգիտիմ:
– Եթե դրա արդյունքում Ս. Սարգսյանը հնարավորություն կունենա 5 տարի ևս կառավարել, ըստ էության, այդ պորտֆելները կծառայեն նրա լեգիտիմությանը: Եթե այդ պորտֆելները հնարավորություն կտան, որ, իսկապես, երկրում ստեղծվի մի այլ բևեռ, որը կթելադրի իր պայմանները և որի արդյունքում` ոչ հնգամյա շրջանում, այլ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի ստիպել վարչախմբին գնալ ընտրական մեխանիզմների հաստատմանը, ինչը կբերի քրեաօլիգարխիկ համակարգի տապալմանը, ապա այդ դեպքում լեգիտիմացման մասին խոսք լինել չի կարող: Այսինքն` երբ կա որոշակի իշխանություն, որը չի ծառայում քրեաօլիգարխիային, կարողանում է օրակարգ բերել իր խնդիրները, լուծել դրանք և պարտադրել, որ այդ նույն խնդիրների լուծումը ճանաչի նաև ռեժիմը` մինչև որ կազմաքանդվի քրեաօլիգարխիկ ամբողջ վարչախումբը:
– Արդյո՞ք չեն հիասթափվի մարդիկ: Որքան էլ խուսափում եք դա երկխոսություն անվանել, դա չի՞ ընկալվի` որպես երկխոսություն:
– Ես չեմ խուսափում, ես հենց դա էլ ասում եմ: Մեր ժողովուրդը շատ ռացիոնալ է: Եթե հանրությունը հասկացավ, որ այդ պորտֆելները տալով` նա որևէ իշխանական լծակ չունի ազդելու, և որքան էլ բարի խոսքեր ասվեն, որ դա ծառայելու է ժողովրդին, նա պետք է իր աչքով տեսնի, թե ինչպե՞ս է այդ լծակն ազդում վարչախմբի վրա: Ժողովրդին հնարավոր չէ խաբել: Որքան էլ քաղաքագետները կառչեն և ասեն, որ սա բանակցություն է, վաղը կարող է դառնալ երկխոսություն, և արդյունքներով պետք է որոշել, թե դա ի՞նչ էր: Եթե ստեղծվի այն իրավիճակը, որ պորտֆելները որևէ արդյունք չեն տալու, որ պորտֆելների «տերերը», ի վերջո, լսելու են Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե այն զանգվածի առաջնորդին, որն այս պահին Ր. Հովհաննիսյանն է, այդ ժամանակ ժողովուրդը դրա անունը կդնի քաղաքական գործարք:
– Ինչպե՞ս կարող է ինքնուրույնություն ցուցաբերել, եթե տվյալ պորտֆելի «տերը» կազմում է իշխանության մաս: Ըստ Ձեզ` նա կարո՞ղ է ընդվզել, ասենք, Ս. Սարգսյանի որոշումների կամ հրամանի դեմ: Ընդվզելու դեպքում կազատեն աշխատանքից:
– Շատ հետաքրքիր հարց եք տալիս: Ենթադրենք` Ր. Հովհաննիսյանի պահանջած պորտֆելները տրվում են ընդդիմությանը, խնդիր է առաջանում` ինչպիսի՞ քաղաքական ուժով կարող ես լինել դրա լիարժեք տերը: Չէ՞ որ, եթե դու պահանջել ես ԱԱԾ պետի պաշտոնը, գլխավոր դատախազի պաշտոնը, ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը` մի շաբաթ հետո հրամանագիր է ստորագրվում, և ազատում են ընդդիմության ներկայացուցիչներին այդ պաշտոնից` կրկին նշանակելով իրենց մարդկանց: Այդ դեպքում ի՞նչ լծակ պետք է ունենաս, որպեսզի պահես այդ ուժը: Իսկ այդ ուժը ժողովուրդն է, որը պետք է կարողանա իր մշտական ակտիվությամբ չթողնել, որ ռեժիմը գնա նման քայլերի: Դա նշանակում է, որ Ս. Սարգսյանը գնում է խաբելու ճանապարհով, այսինքն` համաձայնվում է նշանակել մեկին ընդամենը նրա համար, որ Ր. Հովհաննիսյանը դուրս գա հացադուլից, դադարեցնի հանրահավաքները, գնա տուն: Ու եթե այդ պաշտոնների «տերերը» Սերժ Սարգսյանի կրնկի տակ են մտնում, պարզ է դառնում, որ ռեժիմը գնում է խաբեության ճանապարհով, որպեսզի իր ուզած խնդիրները լուծի: Հենց դա է, որ պետք է թույլ չտա ժողովուրդը ու շարունակի պայքարը:
– Վտանգ կա, որ այդ ուժը կարող է հոգնել:
– Իհարկե, ռեժիմը հենց դա էլ խաղարկում է, որ ժողովուրդը կհոգնի, կհիասթափվի, կգնա տուն: Դրանք տեխնոլոգիաներ են, որոնք կիրառում են:
– Ինչպե՞ս կբնորոշեք ներկա իրավիճակը:
– Ներկայումս մենք սպասման վիճակում ենք, սպասում ենք ինչ-որ իրադարձությունների: Սպասելիքների և անորոշության բաղադրիչները կմեկտեղեմ` թերևս, ներկա վիճակը կբնութագրեմ` «սպասելիքներ անորոշության մեջ»: Բոլորը, կարծես, անորոշության մեջ են: Հավատացեք, եթե Ս. Սարգսյանից հարցնեք, ինքը ևս անորոշության մեջ է, թե ի վերջո ո՞ւր կգնա: Ամեն մեկն իր կողմից` ունի սպասելիքներ. ռեժիմի կողմից մարդիկ իրենց սպասելիքներն ունեն, որ, ի վերջո, այդ բառը սիրում են, «կֆռցնեն», «շուստրիություն» կանեն, հետո հետևից կծիծաղեն: Այս կողմից կան սպասելիքներ, որ, ի վերջո, դրական փոփոխություններ կունենանք: Հանրության մեջ մարդիկ ինձ հարցնում են. «Գոնե մի բանի կբերի՞ հացադուլը (պայքարը)»: Այս պահին սա է մեր վիճակը: Չկա հավատամք անգամ գործիչների մեջ: Եվ եթե ճմշարտությունն ասենք` ամեն ինչ պայմանավորում են մեկ անձի որոշումներով, իսկ ժողովուրդն ինքը չի որոշում, սպասում է, թե Ր. Հովհաննիսյանի հացադուլն, ի վերջո, արդյունքի կբերի՞, և հարցեր է տալիս` «Բա կարո՞ղ է հացադուլից դուրս գա», «Բա կարո՞ղ է հացադուլին մինչև վերջ գնա` դիակի վրայով լինի ու դա, իսկապես, պայթեցնի»: Սա է ամբողջ խնդիրը, բայց այդ ամբողջ սպասումները պտտվել-պտտվել են և հայտնվել են մի կիզակետում` Ր. Հովհաննիսյանի ոչ թե անձի, այլ նրա կիրառած քաղաքական գործիքի` հացադուլի մեջ: Այսինքն` մեր բոլոր անորոշությունները, սպասելիքները կառուցվել են մի կետի վրա: Ցավոք, դա ամենավատ երևույթն է, երբ ժողովուրդն ինքը չի որոշելու իր խնդիրները, որովհետև սա կդառնա դեպքերի հերթական օղակը, երբ մեկ անձն է հարց լուծողը, և սա չի բերի նրան, որ հետագայում ժողովուրդը, ենթադրենք, ինչ-որ խնդիր է լուծել, ինչը կդառնա նախադեպ: Տա Աստված, որ իր միանձնյա պայքարն ավարտվի հաջողությամբ, բայց, ըստ էության, սա տարիների կտրվածքով խոցելի է, որովհետև մեկ անձով է խնդիր լուծվում: Մենք պիտի ունենանք բոլորովին այլ հաղթանակ, որը կերաշխավորի թե՛ երկրի նորմալ զարգացումը, թե՛ նման անօրինականությունների չկրկնվելը: Իսկ դա ողջ ժողովրդի պայքարի ու հաղթանակի միջոցով կարող է իրականություն դառնալ միայն: