Այսօր Նյու Յորքում կհայտարարվի 2013 թվականի լավագույն ավտոմեքենայի անունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ գործարար մայրաքաղաք Նյու Յորքում այսօր մեկնարկող միջազգային ավտոսրահի շրջանակներում հայտարարվելու է 2013 թվականի լավագույն ավտոմեքենայի (World Car Awards) մասին:
Այդ տիտղոսին հավակնում է չորս մարդատար ավտոմեքենա՝ Mercedes-Benz A-Class, Porsche Boxster/Cayman, Scion FR-S/Subaru BRZ/Toyota GT86 և Volkswagen Golf: Ուշագրավ է, որ Volkswagen կոնցեռնը չորրորդ անգամ անընդմեջ հայտնվում է ավտոմոբիլային ինդուստրիայի ամենահեղինակավոր տիտղոսի հավակնորդների թվում:
Նախորդ տարի բարձրագույն պարգևը բաժին էր ընկել Volkswagen Up կոմպակտ մոդելին:
Այսօր անվանվելու են նաև հետևյալ անվանակարգերի հաղթողների անունները. Լավագույն սպորտային ավտոմեքենա (հավակնորդներն են Ferrari F12 Berlinetta, Porsche Boxster / Cayman և Subaru BRZ / Toyota GT 86), Ամենաէկոլոգիական՝ «կանաչ» ավտոմեքենա (հավակնորդներն են Renault Zoe, Tesla Model S և Volvo V60 Plug-in Hybrid Diesel ), ինչպես նաև Լավագույն դիզայն ունեցող ավտոմեքենա (հավակնորդներն են Aston Martin Vanquish, Jaguar F-Type և Mazda 6):
«Լավագույն ավտոմեքենա» անվանակարգը հիմնադրվել է 2003 թվականին: 2004 թվականիցն այն շնորհում է միջազգային ժյուրին՝ բաղկացած 66 պրոֆիլային լրագրողից, որոնք իրենց ընտրությունը կատարում են անկախ փորձագետների նախապատրաստած տեխնիկական ու վերլուծական տվյալների հիման վրա: