Բաժիններ՝

Վաղը մենք կարևոր փաստաթուղթ կստորագրենք Բաթումում. Դավութօղլու

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երկօրյա այցով ժամանել է Վրաստան: Այստեղ նա հանդիպել է իր վրացի գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ:

Հանադիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ կարծում է, որ այն հռչակագիրը, որը նա մտադիր է վաղը ստորագրել Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, կնպաստի երեք երկրի միջև հարաբերությունների ամրագրմանը.

«Մեզ միմյանց կապում են վաղեմի բարեկամական հարաբերությունները: Թուրքիայում բնակվում են բազմաթիվ վրացիներ, ձեր երկիրը հանդիսանում է մեր տնտեսական գործընկերը: Ես հուսով եմ, որ դա կշարունակվի: Վաղը մենք կստորագրենք կարևոր փաստաթուղթ, որն էլ ավելի կամրապնդի Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները»:

Փանջիկիձեն իր հերթին հայտարարել է, որ Դավութօղլուի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային համատեղ նախագծերը: Փանջիկիձեն հավելել է, որ իրենք ընդգծել են բարձր մակարդակով այցելությունների անհրաժեշտությունը:

Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն անցկացվել է նախորդ տարվա հունիսին, Թուրքիայում և ավարտվել է Տրապիզոնյան հռչակագրի ընդունմամբ: Վաղը Բաթումում տեղի կունենա այդ երեք երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը, որում կողմերը ստորագրելու են 2013-2015 թվականների գործողությունների պլանը:

Հիշեցնենք, որ իր վրացական այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, ինչպես նաև Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս